Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի առևտրային պալատների և բորսաների միության (TOBB) պատվիրակությունը մեկնել է Եգիպտոս։
Պատվիրակությունը գլխավորում է TOBB նախագահ Ռիֆաթ Հիսարջըքլըօղլուն։ Պատվիրակության կազմում ընդգրկվել է 3 մարդ։ Ընդգծվում է, որ սա վերջին 2 տարում Թուրքիայից Եգիպտոս կատարված բարձրաստիճան առաջին այցն է։
Այցը միտված է երկու երկրների միջև առևտրային կապերի զարգացմանը և մեծ արձագանք է գտել եգիպտական մամուլում։ Այն բանից հետո, ինչ 2013 թվականի հուլիսի 3-ին Եգիպտոսում իրականացված զինվորական հեղաշրջման միջոցով գահընկեց արվեց նախագահ Մոհամմադ Մուրսին, որը բավական սերտ հարաբերությունների մեջ էր Թուրքիայի հետ, երկու երկրների դիվանագիտական ու քաղաքական հարաբերությունները հասան նվազագույն մակարդակի։
Թուրքական պատվիրակությունը մասնավոր ինքնաթիռով Եգիպտոս է մեկնել նախօրեի գիշերը։ Այն որակվում է որպես կրիտիկական այց։ Անկարայի արած պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ այցի նպատակը Իսլամական առևտրային պալատների կոնֆերանսին մասնակցելն է և դրա շրջանակներում Եգիպտոսի առևտրային պալատների միության պաշտոնյաների հետ հանդիպելը։
Այդ հանդիպումներում քննարկվելու են երկու երկրների միջև ներդրումների ու ապրանքաշրջանառության ծավալի մեծացման հարցերը։ Անկարայում կուլիսների հետևում խոսակցություններ են ծավալվել, որ TOBB-ի պատվիրակության այցը չէր կարող տեղի ունենալ առանց Թուրքիայի ԱԳՆ կողմից նախապես հավանության արժանացնելու։