чеч-6Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Գրիգորյանի նախագահությամբ ավարտվել է Համլետ Ա.-ի գործի դատական քննությունը:

27-ամյա Համլետի կարգավիճակը դատավճռում նշված է՝ ամուսնալուծված: Իսկ ըստ մեղադրանքի՝ նա ծեծել է իր կնոջը ու մեղադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով:

Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ 2015 թվականի փետրվարի 7-ին, ժամը 23-ի սահմաններում Համլետը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ տանը բռունցքներով երկու և ավելի հարվածներ է հասցրել կնոջը, նրան գցել է հատակին՝ պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ՝ աջ բազկի շրջանի արյունազեղումներ, կրծքավանդակի շրջանի ճանկռվածք և այլն:

Առաջադրված մեղադրանքում Համլետն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե 2015 թվականի փետրվարի 7-ին ինքն ու կինը՝ Վարսիկը (անունը փոխված է), հրավիրված էին կնոջ քեռու տղայի հարսանիքին:

Հարսանիք գնալուց առաջ ինքն ու մայրը կնոջը տարել են վարսավիրանոց՝ մազերը հարդարելու:

Վարսահարդարը կնոջ մազերը հարդարելու ժամանակ նկատել է, որ մազերից  մի փոքր հատված կարճ է կտրած: Կինը խնդրել է վարսահարդարին, որ նա սկեսուրին այդ մասին չասի, դա գաղտնի պահի իր ընտանիքի անդամներից:

Կնոջ մազերը հարդարելուց հետո իրենք գնացել են հարսանիք:

Երբ հարսանիքից տուն են վերադարձել, կինը գնացել է հագուստը փոխելու: Նրա հարդարված մազերը խառնվել են, ինքը հարցրել է, թե նա ինչո՞ւ է քանդել հարդարված մազերը: Կինը պատասխանել է, թե հագուստը փոխելու ժամանակ է քանդվել սանրվածքը:

Այդ պահին միջամտել է իր մայրը, պահանջել է, որ կինը իրեն ցույց տա մազերի կարճ կտրած մասը:

Ինքը բացել է կնոջ մազերը, տեսել է, որ մազերի մի փոքր մասը կարճ կտրված է: Զայրացել է, որ ինքը տեղյակ չէ կնոջ մազերի կտրվածքից, աջ ձեռքի մատների ծայրերով մեկ անգամ հարվածել է կնոջ քթին: Արյունահոսություն է սկսվել:

Դրանից հետո կինը ցանկացել է փախչել, բայց ինքը նրան բռնել է, չի թողել, որ փախչի, ու զանգել է նրա եղբորը: Ցանկացել է, որ կնոջ հարազատները գան ու պարզաբանեն, թե ինչից են Վարսիկի մազերը այդպես կարճ:

Մինչև Վարսիկի հարազատների գալը ինքը փորձել է այդ հարցի պատասխանը կնոջից ստանալ, բայց չի ստացել:

Քիչ անց եկել են կնոջ մայրը, եղբայրը, քեռին, զարմիկները: Ինքն ասել է, որ նրանք Վարսիկին տանեն՝ մինչև լարված իրավիճակն անցնի: Հետո ինքը կգնա Վարսիկի հետևից:

Նույն օրը և հաջորդ օրերին ինքը զանգել է կնոջը, խոսել է նրա հետ:

Փետրվարի 9-ին կինը զանգել է իրեն ու ասել է, թե քեռու տանն է, իրեն լավ չի զգում, քթից արյուն է գալիս:

Ինքը Վարսիկի քեռու հասցեն չգիտեր, զանգել է քեռուն, որ հասցեն ճշտի, իսկ նա ասել է, թե ամեն բան նորմալ է, Վարսիկի քթից էլ արյուն չի գալիս:

Հաջորդ օրն ինքը գնացել է Վարսիկի քեռու տուն, ցանկացել է հաշտվել Վարսիկի հետ, բայց Վարսիկը մերժել է: Հետո մի քանի անգամ էլ է գնացել, դարձյալ մերժվել է:

Ամբաստանյալը նշել է, թե նախաքննության ընթացքում իրեն մեղավոր է ճանաչել զուտ նրա համար, որ կնոջ հետ հաշտվի…

Դատարանը ամբաստանյալ Համլետի դատաքննական ցուցմունքը գնահատել է որպես անարժանահավատ:

Տուժող կինը հայտնել է, թե դեպքի օրը, հարսանիք գնալուց առաջ ամուսնու և սկեսուրի հետ գնացել է վարսավիրանոց:

Մինչև ամուսնանալը ինքը ցանկացել էր մազերը «շերտավոր սանրվածքով կտրել», բայց չէր ստացվել, մազերի մի հատվածը կարճ էր ստացվել: Այդ մասին ինքը նախապես հայտնել էր միայն ամուսնու քրոջը, խնդրել էր, որ նա ոչ մեկին չասի…

Վարսահարդարը իր մազերը հարդարելիս նկատել է մազերի կարճ կտրվածքը, ինքը նրան խնդրել է սկեսուրին բան չասել:

Մազերը հարդարել է, գնացել են հարսանիք:

Ճանապարհին ինքը Համլետին պատմել է, որ մազերի մի փոքր մասը ժամանակին կարճ է կտրել:

Հարսանիքի ժամանակ սկեսուրն ու սկեսրայրը անընդհատ զանգել են ամուսնուն, իրենց տուն են կանչել:

Ժամը 22-ն անց 30-ի սահմաններում իրենք տուն են վերադարձել: Ինքը հագուստները փոխել է, այդ ժամանակ սանրվածքը քանդվել է: Ամուսնու հարցին, թե ինչո՞ւ են մազերը խառնված, պատասխանել է, որ շորերը փոխելիս են խառնվել:

Այդ պահին սկեսուրը սկսել է իր մազերը քաշքշել, իրեն տարել է հյուրասենյակ, նստեցրել է աթոռին, որ Համլետին ցույց տա իր մազերի կտրվածքը:

Ամուսինը, չնայած գիտեր, բայց ծնողների մոտ ցույց է տվել, թե տեղյակ չէ: Նա բռունցքով հարվածներ է հասցրել իր դեմքին ու գլխին: Իր քթից արյուն է եկել, ինքն ուշաթափվել է:

Ուշքի է եկել լոգարանում՝ ամուսնու քույրը վրան սառը ջուր էր լցնում:

Վիճաբանության ժամանակ ամուսինը զանգել է իր եղբորը, իր հարազատներին կանչել է իրենց տուն, որ գան, իրեն տանեն, այլապես իրեն տաքսի կնստեցնեն ու կուղարկեն:

Այդ ընթացքում Համլետն իրեն տարել է խոհանոց, սկսել է համոզել, որ երբ իր բարեկամները գան, ինքը ծնկաչոք ներողություն խնդրի սկեսուրից, իսկ եթե սկեսուրը չների, ապա իրենք կգնան առանձին ապրելու:

Երբ խոհանոցում են եղել, ամուսնու հայրը վատ է զգացել: Խոհանոց է մտել ամուսնու քույրը, նա իրեն է մեղադրել, որ հայրը վատ է զգում, ու ձեռքերով  մի քանի հարված է հասցրել իրեն: Նրան միացել է նաև սկեսուրը:

Ինքը այդ ամենից շփոթվել է, ցանկացել է փախչել: Բայց չեն թողել: Իր մազերից քաշելով՝ հեռացրել են դռնից, գցել են գետնին:

Իր բարեկամները եկել են, փորձել են իրենց հաշտեցնել: Ինքը, ամուսնու ասածը կատարելով, երեք անգամ սկեսուրից ծնկաչոք ներողություն է խնդրել, խնդրել է, որ իրեն տանից չհանեն, բայց նրանք իրեն չեն ներել: Ինքը հարազատների հետ հեռացել է ամուսնու տանից:

Հաջորդ օրերին հեռախոսով խոսել է ամուսնու հետ, խնդրել է, որ նա գա իր հետևից, հաշտվեն, շարունակեն իրար հետ ապրել, բայց ամուսինն իր հետևից չի եկել, այդ պատճառով ինքը հաղորդում է տվել ոստիկանությունում:

Տուժողի մայրը հայտնել է, որ եղբորորդու հարսանիքին ներկա էին դուստրն ու նրա ամուսինը: Վերջինս լարված է եղել, հաճախ պատասխանել է հեռախոսազանգերի:

Նրանք շուտ են գնացել տուն:

Որոշ ժամանակ հետո Համլետը զանգել է իր որդուն, ասել է, որ գնան իրենց տուն՝ Վարսիկի հետևից, թե չէ նրան տաքսի կնստեցնեն ու կուղարկեն:

Համլետը զանգել է նաև իրեն ու ասել է. «Զոքա՛նչ, աղջկադ մազերը մեջտեղից խուզած ա, լավ ծեծել ենք, եկեք ձեր աղջկան տարեք»:

Իրենք առանց ժամանակ կորցնելու գնացել են: Համլետենց տանը լարված իրավիճակ էր: Վարսիկի մազերը գզգզված էին, աչքերը՝ ուռած ու կապտած: Իրենք փորձել են հաշտեցնել նրանց, որ նոր կազմված ընտանիքը չքանդվի: Վարսիկը նույնիսկ ծնկի է եկել սկեսուրի առաջ, չեղած բանի համար ներողություն է խնդրել, բայց դա էլ չի օգնել, Համլետի ծնողները նրան չեն ներել: Իրենք Վարսիկին վերցրել-տարել են տուն…

Ընդհանուր իրավասության դատարանը հաստատված է գնահատել, որ Համլետ Ա.-ն կնոջը ծեծել է և մեղավոր է ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով:

Համլետ Ա.-ն դատապարտվել է տուգանքի՝ 70 հազար դրամի չափով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել