Սիրիայում շարունակվող պատերազմի ու ռուսական միջամտության ֆոնին, ինչպես նաև մեր տարածաշրջանում տեղ գտնող բոլոր նոր զարգացումների արդյունքում կարծես թե ակնհայտ է դառնում, որ Հայաստան-ՆԱՏՕ համատեղ հեռանկարները գնալով անհնար են դառնում, քանզի նոր երկաթյա վարագույրը, որը բաժանելու է աշխարհը ճամբարների, մեզ իրարից բաժանում է։ Սակայն սա ամենևին միակ պատճառը չէ, որը եթե ոչ անհնար, ապա աննպատակահարմար է դարձնում Հայաստանի ու ՆԱՏՕ-ի համագործակցության հետագա խորացումը, էլ չխոսենք՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին։
Անկախ բոլոր հանգամանքներից, կախված ռուս-ամերիկյան լարված հարաբերություններից, Հայաստանն ունի իր ծանրակշիռ պատճառները՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին մեկընդմիշտ մոռանալու։ Առաջին պատճառը, որը կնշեի, աշխարհաքաղաքական ու, ինչու ոչ, բարոյականն է։ Անկախ նրանից, թե ինչ կլինի ապագայում, Թուրքիան եղել է, կա ու միշտ լինելու է մեր դարավոր թշնամին, և ոչինչ չի կարող փոխել դա, և այն մարդիկ, ովքեր ցանկանում են դաշնակից դառնալ մեր նախնիներին մորթած այս պետության հետ, թող մի պահ իրենց անցյալը հիշեն։ Մի՞թե մեր աղաղակող նահատակների վրա թքած ունեն։ Բացի դրանից, մենք Թուրքիայի համար ասես ոսկոր լինենք կոկորդում, որը խանգարում է միանալ նրան թյուրքական մնացյալ աշխարհի հետ, և քանի դեռ սա այդպես է, Թուրքիայի համար մենք միշտ էլ լինելու ենք յուղոտ թիրախ, այլ ոչ թե դաշնակից։
Կա հարցի տնտեսական ու ռազմագիտական կողմ ևս։ ՆԱՏՕ-ին անդամակցելն, ի թիվս այլ բաների, նշանակում է նաև բանակդ համապատասխանեցնել ՆԱՏՕ-ական ստանդարտների, իսկ դա իր հերթին նշանակում է, որ մենք պետք է միլիարդավոր դոլարների վարկերի տակ մտնենք, որպեսզի զուտ մեր սպառազինությունը փոխենք՝ սկսած հրաձգային զենքերից, վերջացրած բարդ զրահատեխնիկայով ու տեխնոլոգիապես հագեցվածության այլ միջոցներով։ Բացի դրանից, պետք է միանգամից ձեռք քաշենք մեր ողջ պահեստազորից ու, ըստ էության, սպայական կորպուսից, որովհետև այդ ՆԱՏՕ-ական տեխնիկան յուրացնելու խնդիր կա, ՆԱՏՕ-ական մարտավարություն ու ռազամավարություն յուրացնելու խնդիր կա։ Պատրա՞ստ ենք սրան. ՈՉ։ Մեզ պե՞տք է նման բան. ՈՉ։
Արդյունքում, ՆԱՏՕ-ի հետ համագործակցություն զարգացնելու ու առավել ևս՝ կազմակերպությանն անդամակցելու խոսակցությունները զուտ երազախաբության ոլորտից են, և անգամ եթե ցանկացած նման պրոցեսին չլիներ երաշխավորված հակաքայլերի փաստը Ռուսաստանի կողմից, դա պարզապես չի բխում մեր շահերից, իսկ այսպիսի խոսակցություններն ասպարեզ նետվում են առավելապես ինչ-ինչ ուժերի ու անհատների բարբաջանքների արդյունքում, ովքեր վաշինգթոնյան կերակրատաշտից են սնվում լավագույն դեպքում, իսկ վատագույն դեպքում պարզապես ադեկվատ չեն։
Նյութի աղբյուր՝ http://armrealpolitics.blogspot.am/2015/11/blog-post_10.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել