Lurer.com-ը գրում է.
Նոյեմբերի 10-ը Երիտասարդության համաշխարհային օրն է։ 1945 թվականի հենց այդ օրը Լոնդոնում տեղի ունեցած երիտասարդների համաշխարհային համաժողովի ընթացքում հիմնադրվել է Ժողովրդավարական երիտասարդության համաշխարհային ֆեդերացիան։
Պատմական այս համաժողովը հրավիրվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ֆաշիզմի դեմ պայքարելու նպատակով ձևավորված Երիտասարդների միջազգային խորհրդի նախաձեռնությամբ: Առաջին անգամ այս համաժողովին հավաքվել էին միջազգային երիտասարդական շարժման ներկայացուցիչներ, որոնք համախմբում էին 63 ազգությունների երիտասարդների: Համաժողովից հետո ամբողջ աշխարհում նոյեմբերի 10-ը նշվում է որպես Երիտասարդության օր:
Այս օրը նշվում է որպես երիտասարդների համախմբվածության և համերաշխության տոն՝ ևս մեկ անգամ հիշեցնելով երիտասարդների ուժի և նրանց՝ ապագան կառուցելու մեծ ցանկության մասին: Հայաստանի երիտասարդական հիմնադրամը շնորհավորում է երիտասարդներին տոնի առթիվ՝ մաղթելով տոկունություն, միշտ առաջ գնալու և դժվարությունները հաղթահարելու վճռականություն:



