Tert.am-ը գրում է.

Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման համար ոչինչ չի խանգարում, պարզապես խոսքը մեծ գումարների մասին է: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:

«Եթե Հայաստանն ունենար այդ գումարները, երկաթգիծը վաղուց կառուցած կլինեինք: Մենք պետք է կարողանանք ձեռք բերել համապատասխան գործընկերներ՝ երկաթգծի կառուցման և շահագործման համար: Գործընթացը տարվում է, անընդհատ բան է փոխվում, աշխատանքները լավանում են, պարզապես ծրագիրը մեծ է: Ամեն դեպքում դրական շարժ կա»,- նշեց Բեգլարյանը:

Ըստ նախարարի՝ հիմնական խոչընդոտը ֆինանսական խնդիրներն են, իսկ «մնացածը ձեռք է բերվում քաղաքական պայմանավորվածությունների ժամանակ»: 

«Հայաստան էր այցելել Իրանի փոխվարչապետը, Իրանի քաղաքաշինության և տրանսպորտի նախարարը և կարող եմ ասել, որ իրենց տրամադրվածությունն այն է, որ երկաթգիծը անպայման կառուցվի: Պայմանավորվել ենք, որ Բանդար–Աբասում արտոնություններ տրվեն Հայաստանին, որպեսզի Բանդար–Աբաս-Մեղրի ճանապարհն ավելի հեշտ աշխատացնենք»,- ասաց նախարարը՝ շեշտելով, որ Ռուսաստանը չի խոչընդոտում Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման աշխատանքներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել