Նենց չի, որ սահմանադրության մեծագույն մասնագետ եմ ու շատ բան եմ հասկանում, բայց փոփոխության կողմնակիցների ելույթներից հասկացել եմ մի քանի առանցքային բան.
1 - սահմանադրությունը չի արգելափակել հնարավորությունը, որ մենք կամայականություններ թույլ տանք, մենք էլ բաշարել՝ արել ենք...
2 - մեռանք միանձնյա որոշումներ կայացնող երկրի նախագահի ձեռը, դրա համար էլ պիտի նրա պարտականությունները սահմանափակենք (երևի հնարավորություն չի եղել կուսակցական ժողովներին այդ հարցը բարձրացնել)։
3 - վերջին տարիներն անցել են բացառապես կառավարման անհաջողությունների կոլեկցիա հավաքելու վրա, ու ոչ մի փորձ չի արվել եղած միջոցների շրջանակում դրանք շտկել։
4 - այսպես կոչված «ոչ-ի ճամբար»-ում կան «հնամաշ» դեմքեր, որոնք հռչակում են «նոր Հայաստան»-ի կառուցման մեկնարկ, բայց դա զավեշտալի է: Հա, համաձայն եմ, որ դա զավեշտալի է, բայց ո՞վ ասաց, որ նոր սահմանադրությամբ և հին Շմայսի, Լֆիկի, Գալուստ Սահակյանի, Հրանուշ Հակոբյանի օրենսդիր ու գործադիր գործունեությունը պակաս զավեշտալի է: Ինչո՞ւ այդ երկու տրագիկոմեդիկ ներկայացումներից մեկը պիտի նախընտրեմ։
5 - գոյություն ունեն հանրային պահանջարկի բացահայտման մետաֆիզիկական, անգամ պարաֆիզիկական միջոցներ, ինչպիսիք են «վստահ եմ», «ակնհայտ է», «հուղարկավորություններին մասնակցելու ժամանակ զգացել եմ»՝ «Բիտվա էքստրասենսով»-ի նոր սեզոն է, թե՝ հանրօգուտ նախաձեռնություն:
6 - հանրային ասպարեզում բոլոր իշխանականներն «այո»-ի կողմից են... Նմաների համար հին սահմանադրությունը լոկուս-կոնտրոլի հարց է, սրբերով հավաքվել են, բայց հին սահմանադրությունը նրանց դարձրել է հլու-հնազանդ կամակատարներ և կաշկանդում է պրոակտիվ և պրոսպեկտիվ վարքը։
7 - շատ բաներ (թանաքոտվել, ցուցակ կպցնել...) դիտվում են որպես նահանջ դեպի հետամնաց ու ոչ ժողովրդավարական պետությունների շարքեր... հիմնականում աֆրիկյան... Ուրախ եմ, որ ունենք նման դրիֆտից սկզբունքային պաշտպաններ, բայց այն, որ ունենք լիքը երևույթներ, որոնց համար նույն աֆրիկյան երկրներում հրի են հանձնում պաշտոնյաներին, մեզանում ծաղկում են, դրանց մասին խաբա՞ր չեք:
8 - ամեն ինչ վատ ա, մենք վատ ենք աշխատել (նաև «օբյեկտիվ» պատճառներով), տնտեսությունը վատ բանի մեջ ա, ներդրում չկա, հարկերը շատ են, դեմոգրաֆիական փոսի մեջ նստած փոս ենք փորում, արտագաղթ, թանկացում, արտաքին քաղաքականության մեջ գրեթե 0-ական հաջողություններ, բնապահպանությունը նույն վիճակում է, ինչ վայրի բնությունը, ու այդուհանդերձ ԽԻ՞ ՄԵՆՔ ՊԻՏԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՍՊԱՐԵԶԻՑ ՀԵՌԱՆԱՆՔ... Իսկականից խի՞...
9 - երբ մասնավոր հիմնարկի գործերը վատանում են, իսկ հիմնարկն իրենից համախոհների թիմ է ներկայացնում, մարդիկ առանց տրտնջալու օվերթայմ են աշխատում, քանի որ այլընտրանքը գործազրկությունն է, իսկ մեր երկրում այդ կարգավիճակից ավելի անորոշ տևողություն միայն բնակարանի վերանորոգումը ունի... Արի ու տես, որ մեր բարձրաստիճան պաշտոնյաների մոտ ամեն ինչ այնքան լավ է (հերքվում են բոլոր նախորդ փաստարկները), որ մեկը կարող է շտաբ ղեկավարել, մյուսը՝ թոք-շոու վարել, մարզային քարոզչության գործուղվել... 
10 - շատ փող չենք ծախսում ներկայացուցչական ծախսերի վրա՝ մեքենա, ռեմոնտ, կահույք... (թեև, նորից, հին սահմանադրությունը թույլ է տալիս, մենք էլ օգտվում ենք): Հասկացանք, որ ավելի բարեկեցիկ և մեծածավալ պետություններն ավելի քիչ նման ծախսեր ունենք, բայց հո տաբուրետկի վրա չե՞նք նստելու: Իսկականից, ձեզ տաբուրետկա էլ չի հասնում, պիտի պպզած աշխատեք, ինչը հակասահմանադրական չի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել