Սևակը մի ժամանակ շատ մոդայիկ էր։ Հետո մոդայիկ դարձավ նրան զրոյին հավասարեցնելը։ Հասկանալի է, կարելի է Սևակ չսիրել, կարելի է ուրիշ նախասիրություններ ունենալ։ Ինձ համար էլ նա ոչ միակն է, ոչ էլ ամենան։ Բայց եթե դու հայտարարում ես՝ Սևակը պոետ չի, կամ ստից՝ «ռաբիզ» պոետ է, ապա դա կարող է նշանակել, որ դու ուզում ես քեզ դնել «պոպուլյար բայց անորակ» արվեստն իսկական արվեստից տարբերող բարձրաճաշակ մարդու տեղ, կամ էլ ծանոթ ես միայն նրա հազար անգամ ասմունքված գործերին։

Ում ասես կարելի է քննադատել, ում ասես կարելի է «հոգեհարազատ չհամարել», ում արվեստում ուզես կարող ես թույլ բաներ գտնել։ Սակայն ինձ թվում է չի կարելի բանաստեղծին նսեմացնել։ Մանավանդ՝ նսեմացնել լոկ այն պատճառով, որ բազմահազար երիտասարդներ նրան պաշտում էին մոդայիկ լինելու համար (մեծ մասամբ՝ քաղքենիաբար, առանց նորմալ կարդացած լինելու), կամ՝ որ նրա մի քանի բանաստեղծություն («Մարդ կա աշխարհն է շալակած տանում», «Գժվել ես» և այլն) չափից շատ է արտասանվել։ Սևակը դրանում մեղավոր չէ։ Մեղավոր չէ նաև նրանում, որ ուրիշ պոետներ գուցե իրենից շատ ավելի բարձր են (կամ տվյալ անձանց լեզվով ասած՝ «նրան ծալած ունեն»)։ Բայց նա պոետ է, խոսքի վարպետ, ու հայ բանաստեղծությունը թերի կլիներ առանց նրա ժառանգության։ Ուստի՝ բոլոր դեպքերում «կըդորըմ» հարգանքը չէր խանգարի։

Ու ամենակարևորը՝ նման բարձրագոչ հայտարարություններով բանաստեղծին նսեմացնելուց առաջ պետք է ծայրից ծայր կարդացած լինել նրա ողջ ստեղծագործությունը կամ գոնե դրա մի մեծ մասը։ Նույնը վերաբերում է նաև, իհարկե, որևէ այլ բանաստեղծի աստվածացնելուն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել