37W_KHzyZ9PuSc5J6sBfUQ

GalaTV.am-ը գրում է․

«Արեւմտյան տնտեսական պատժամիջոցները թեժացրեցին Կրեմլի խելացնորությունը: Հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում ՌԴ-ում արտահանման ծավալները նվազել են 31,9%-ով, իսկ ներմուծմանը 38,8%-ով: Կարելի է պնդել, որ դա տեղի է ունեցել ռուբլու արժեզրկման պատճառով, բայց ինքնամեկուսացումը նույնպես մեծ դեր է խաղացել»,- գրում է Bloomberg View-ի մեկնաբան Լեոնիդ Բերշիդսկին՝ նկատի ունենալով սննդամթերքի ռուսաստանյան էմբարգոն, ինչպես նաեւ Ռուսաստանի «ֆինանսական աճող կաշկանդվածությունը»:

«Կառավարության օգոստոսի հաշվետվության համաձայն՝ սննդամթերքի ռուսաստանյան արտադրողները չկարողացան անմիջապես լրացնել շուկայի բացը: Գներն արագ բարձրացան, բազմացան էմբարգոն շրջանցելու հնարքները, իսկ ԵՄ-ից գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը շարունակում էր աճել, ասես ՌԴ շուկան երբեք չէր եղել»,- գրում Բերշիդսկին:

Հեղինակի վարկածի համաձայն՝ ռուսաստանյան մասնավոր բիզնեսը փորձ է կատարել մարել արտաքին պարտքերը եւ ձեռք բերել արեւմտյան ակտիվներ: «Կենտրոնական բանկի արտարժույթի պահուստների սպառումը եւ կապիտալի արտահոսքը Ռուսաստանից հանկարծ կանգ առավ»,- գրում է Բերշիդսկին:

Ըստ նրա՝ դա շատ լավ է արտարժութային պահուստների համար: Բայց դա նաեւ նշան է, որ ՌԴ-ն ընդունել է պաշտպանական դիրք. բիզնեսը դադարել է Ռուսաստանում ներգրավել էժան օտարերկրյա ռեսուրսներ ներդրումների համար եւ ընդլայնվել այլ երկրներում:

«Միեւնույն ժամանակ, կառավարությունը փորձում է զսպել կապիտալի ապօրինի արտահոսքը»,- նշում է հեղինակը՝ հիշեցնելով բանկիր Ալեքսանդր Գրիգորեւի ձերբակալությունը:

«Ռուսաստանի տնտեսական մեկուսացող քաղաքականությունը չարդարացված հովանավորչության, անհանդուրժողականության, լրտեսության նկատմամբ վախի, ինչպես նաեւ ոստիկանության կոշտ գործողությունների համադրություն է»,- գրում է հեղինակը: Բերշիդսկու կարծիքով այս ուղեգիծը հիմնականում արտացոլում է Պուտինի տեսակետները: «Ռուսաստան ամրոցը» գոյություն ունի Պուտինի գլխում, իսկ ռուսաստանցիները ստիպված են վճարել կենսամակարդակի անկման համար»,- եզրափակում է հեղինակը:

Աղբյուր` Bloomberg View

Թարգմ.՝ Տիգրան Գասաբյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել