Երբ միայնակ, ծեր ու լքված ուսուցչուհին սկսեց կատու պահել, հարևանները տարակուսեցին՝ իբր իր համար շատ ա ուտելիք ճարում, հիմա էլ կատու ա պահում: Բայց քանի որ ծեր ուսուցչուհին քչախոս էր ու գոռոզ, ոչ ոք չհամարձակվեց խորհուրդներ տալ:
Ահա թե ինչպես ստացվեց կատու ունենալու որոշումը:
Ամեն անգամ աղբանոցի մոտով անցնելիս արիստոկրատ շարժ ու ձև ունեցող ուսուցչուհն հազիվ էր իրեն զսպում, որ կանգ չառնի ու իր համար ուտելիք չփնտրի:Հաճախ համեղ պատառներ էին երևում,որ կարելի էր մշակել,եռացնել ու ուտել: Բայց քանի որ շատ հպարտն էր, բավարարվում էր միայն նրանով, որ մտքում հավաքում էր այդ ամենը, մտքով տանում տուն ու մտքում էլ անուշ անում: Ինքն իր վրա զարմանում էր, որ չէր զզվում աղբանոցի կերակուրից, հաստատ կուտեր:
Մի անգամ էլ աղբանոցի մոտով անցնելիս կանգ առավ ու սկսեց ժպտալով, մի քիչ էլ նախանձով հետևել, թե ոնց ա փիսոն վայելում համեղ մնացորդները: Նորից մտքով միացավ կատվի ճուտիկին ու մտքում ընկերացան, կիսեցին իրար մեջ, ինչ որ գտնում էին:
Էստեղ մի հանճարեղ միտք ծագեց ծեր ուսուցչուհու գլխում: Գրկեց փիսոյին ու սկսեց ուտելիք փնտրել, բայց էնպիսին, որ ինքն էլ օգտվեր: Այդ օրը ուտելիքն ու փիսոին գրկած, ծեր կինը արագ քայլերով տուն գնաց:
Ու էսպես ամեն օր գալիս էր համարձակորեն մոտենում աղբանոցին ուտելիք հավաքում, տանում տուն;
Եթե որևէ ծանոթ էր հանդիպում, հենց իրենք էլ անմիջապես ասում էին՝ փիսոյի համար եք հավաքում? Ու ծեր ուսուցչուհին ժպտալով գլխով էր անում, թե հա, կատուն էլ աստծո ստեղծածն ա, ես բոլորովին չեմ զլանում: Նաև համարձակորեն ավելացնում էր՝ եթե ուտելիք կունենաք,որ ձեզ հարկավոր չի,ես մեծ սիրով կվերցնեմ փիսոյիս համար....
Եկավ խորը աշունը, սառը անկողինը մտնել չէր լինում: Իսկ փիսոյի համար երանություն էր ուսուցչուհու անկողինը, որ դեռ մորից էր բաժինք ստացել: Կատուն քթով տեղ էր բացում , ու էդ անցքից խցկվում ,մտնում էր անկողնու մեջ:Ջերմացնում էր անկողինը իր փոքրիկ մարմնով, հետո տիրուհին գալիս, մտնում էր արդեն ջերմացրած անկողինը, փաթաթվում էին իրար՝ աշխարհից ու իրենց բախտից գոհ քնում:
Իսկ հարևանները ամեն հանդիպելիս մտքներում ասում էին՝ թե ասա ինչիդ ա պետք էդ կատուն...Իբր քեզ շատ ես կարում պահես, մի հատ էլ կատու ես պոչիցդ կապել.....
Նյութի աղբյուր՝ http://anushanahit.livejournal.com/809066.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել