«Մեր իրավունքի զիջումով չենք կարող հասնել մեր նպատակին»... Արխիվային արձանագրություն. Հայաստանի Առաջին Հանրապետության խորհրդարանի պատգամավոր, լուսավորության և արվեստի նախարար Նիկոլ Աղբալյանի ելույթը՝ ՀՀ պառլամենտի 89-րդ նիստում, 2-ը օգոստոսի, 1920 թիվ։.

«...Մի նոր բարեկամ է երևացել (ռուսները), որին չենք դիմել, բայց որն ուզում է՝ զոռով իր բարեկամությունը մեր վզին կապել: Նա գրում է մեր հայրենիքի մի մասում արյունահեղությունը վերջ տալու մասին և կցում Ադրբեջանին: Այս անգամ կռիվ է ռուսների դեմ խորհրդային դիմակի տակ, որն ավելի դաժան է, քան հին կարգերը, նեղմիտ է ու բթամիտ և ոչինչ չի կարողանում ըմբռնել: Հնի նման սա էլ իր գերեզմանն է փորում, նա չի հասկանում, թե ինչ է ինքը միջազգային չափով: Նա չի կարողանում ըմբռնել, որ հաղթում է նա, ով զարգացած է մտավորապես և տնտեսապես:

Խորհրդային Ռուսաստանը՝ այդ ցնցոտին, մտքով, հոգով և էությամբ աղքատ այդ երկիրը, ցանկանում է անցնել Հայաստան՝ օժանդակ ունենալ Մուսթաֆա Քեմալի ողորմելի զորքերը: Հոտառությունը կորցրած այդ երկիրը գալիս է սպառնալու մեզ, և մենք պարտավորված ցույց կտանք մեր կերպարանքը, հարգել կտանք մեր ժողովրդի իրավունքները, թեև նա (Ռուսաստանը) այժմ չի հարգում (մեր երկիրը) և ցանկություն ունի այն խորտակելու: Նենգամիտ ու դաժան Խորհրդային Ռուսաստանը թուրքերի հետ միացած և զինակցած է, այդ անկերպար մարմինը հետադեմ է՝ հին Ռուսաստանի նման: Նա դաշնակցել է Տաճկաստանի (Թուրքիայի) հետ, և սոցիալիզմը կապվել է արյան հետ: Հետադեմ ուժն է, որ գալիս է առժամապես կասեցնելու մեր հաջողությունը... 

Ռուսական սոցիալիզմի այդ ներկայացուցիչներն ամենախավարամիտ ներկայացուցիչներն են այդ սոցիալիզմի: Նրանք հին Ռուսաստանի առաքինություններն ընդունել են՝ նվազեցնելով, իսկ մոլությունը՝ աճեցնելով: Մենք ամենածանր պայմանների մեջ ցույց տվինք թուրքերին ու թաթարներին, որ այս հողը Հայաստան է, և որ հայ ժողովուրդը ցանկանում է ազատ լինել: Այժմ մենք նույնը ցույց կտանք նաև ռուսին: Մենք պետք է բարձր հայտնենք ամենքին, որ մենք բարեկամ ենք այն ռուսին, որը Կովկասյան շղթայից այս կողմ չի անցնի և բարեկամ ենք այն ռուսին, որը Հայաստանի սահմանից այս կողմ չի գալիս (բուռն ծափահարություններ):

Գիտենք, ձմեռվա ընթացքում մեր թշնամիները պետք է պատրաստվեն մեր հանգստությունը խախտելու: Մեր թշնամիները նախանձում են, որ ստրկությունից նոր բարձրացած երկիրն ուժեղանում է: Մի անգամ ընդմիշտ պետք է ապացուցենք, որ անառիկ է մեր երկիրը, և մենք գիտենք պաշտպանել մեր ազատությունը, մինչև համոզվեն, որ այս ժողովուրդն ազատ ապրել է ցանկանում, և մինչև որ համոզենք, որ այս երկիրը պետք է անկախ լինի:

Մեր իրավունքի զիջումով չենք կարող հասնել մեր նպատակին: Ուժով միայն կարող ենք մեր անվիճելի իրավունքը պաշտպանել: Մենք օժանդակեցինք Տաճկաստանի՝ այդ ոճիրների զարհուրելի բույնի կործանմանը: Նաև մեր ուժերի մասնակցությամբ կործանվեց ասիական մյուս բռնակալ պետությունը՝ Նիկոլայ 1-ի և Նիկոլայ 2-ի բռնակալ Ռուսաստանը: Նույնպես կխորտակվեն թշվառ ռուսական (այս) գլուխները...»:
---
(ՀՀ Պառլամենտի 1918-1920 թթ. նիստերի արձանագրություններ. Երևան, Հայաստանի ազգային արխիվ, 2010, էջ 531):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել