Չհաշված համացանցը, իրական կյանքում մի իրավիճակ է, որում բացարձակապես չի զգացվում, որ երկիրը, պետությունը կանգնած է ըստ էության մեծ փոփոխությունների շեմին՝ սահմանադրական հանրաքվեի, որին մնացել է ուղիղ մի ամիս:
Սա խոսում է այն մասին, որ հասարակությունը բացարձակապես իներտ է գործընթացի նկատմամբ: Եթե իրավմամբ, բովանդակային ձևաչափով մոտենանք հարցին, ապա պարզ է, որ յուրաքանչյուրին ավելի շատ պետք է հետաքրքրեին հանրաքվեները, քան այլ համապետական ընտրություններ: Բայց, ցավոք, դեռ մարդափոխության մեծ պահանջը մնում է հասարակության մեջ առաջնային, և սահմանադրության «ԱՅՈ» կամ «ՈՉ» ասելու մեջ ավելի շատ այդ հանգամանքն է հաշվի առնվելու, որն էլ այնքան «փութաջանորեն» ներկայացնում են ոմանք: Իրավիճակը, իներտությունը կարելի է բացատրել մի քանի հանգամանքներով, մասնավորապես՝
*Ո՛չ «ՈՉ»-ի, ո՛չ «ԱՅՈ»-ի հետ կապված շարքային ՀՀ քաղաքացին ոչ մի հույսեր չի կապում՝ լավ հասկականով, որ այս երկրում և ոչ մի սահմանադրությամբ երբեք ամրագրված չի եղել, ասենք, այն, որ ՆԳ երբեմնի նախարարը կամ ՊՆ նախարարը կարող են ավելի շատ դերակատարություն ունենալ պետությունում, քան նախագահը, և այն դեպքում, երբ սահմանադրությունը 95-ից սկսած ընդգծված նախագահական համակարգ էր նախատեսում:
*Որ երկրորդ նախագահի իշխանավարման տարիներին ընդունված կիսանախագահական համակարգ նախատեսող սահմանադրությունը, որը գործում է մինչև օրս, երբեք զգացնել չտվեց այն, որ նախագահի լիազորությունները մասամբ նվազել են:
Անվերջ կարելի է շարունակել անօրինական, նույնիսկ հակասահմանադրական օրինակների շարքը...
Նման իրավիճակներում քաղաքացիների մեծամասնության համար բովանդակային առումով բացարձակապես էական չեն քննարկումները կամ ցանկացած ֆորմատի տեսակետների հատումը, բախումը, և, որպես կանոն, նման իրավիճակներում գործում է «շնից մազ պոկելու» հայտնի մեթոդը, որը փայլուն գործում է Հայկական պրակտիկայում և՛ առաջարկի, և՛ պահանջվածության մակարդակով: Դրա վառ օրինակները շատ են: Այնպես որ, իներտության մեջ մեղադրել շարքային քաղաքացուն, մասնավորապես այն բանում, որ նա հավատ չի ընծայում առ սահմանադրություն ու դրա ածանցյալ գործող օրենքներ, ճիշտ չէ: Պարզապես հավատի չափը ՀՀ քաղաքացու մոտ թե՛ իշխանությունների, թե՛ իբր նրան ընդդիմացողների նկատմամբ, թե՛ օրենքի գործել-չգործելու մեջ ուղղակի զրոյական է: Թե՛ իշխանությունները, թե՛ ամեն տեսակի ընդդիմություն կոչվածներն այս տարիների ընթացքում ջանք չեն խնայել այն զրոյի հավասարեցնելու առումով: Ահա թե որն է ամենավտանգավորը, իսկ սահմանադրության «ԱՅՈ»-ի կամ «ՈՉ»-ի անցնելու միակ երաշխիքը բոլոր ընտրությունների նման մնում է վարչական, տնտեսական, ֆինանսական լծակներին բացառապես տիրապետող մասի կամքը, իսկ մյուսների անհանգստությունը, կարծեմ, ավելորդ է այդ ուղղությամբ, իսկ քարոզչությունը՝ պարզապես չպահանջված:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sanasark/posts/904148856342977
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել