«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալներն իրենց ազատ ժամանակը լրացնելու համար հաճախ են ընթերցում, սակայն գրադարանում գրքերի պակաս կա։ Գրադարանում մոտ 5000 գիրք կա, սակայն դատապարտյալները միշտ չէ, որ գտնում են այն, ինչ փնտրում են։
BlogNews-ը և «Արմենիա» հեռուստաընկերության «Մարդկային գործոն» հաղորդումը, տեղեկանալով, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կա գրականության պակաս, նախաձեռնել են գրքերի հավաք։ «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպի» աշխատակիցների ջանքերով հավաքվել է հայ և ռուս դասականների տարբեր ժանրերի 1000-ից ավելի գիրք, որոնք երեկ համալրեցին հիմնարկի գրադարանը։
«Նման նախաձեռնությունները շատ կարևոր են, որպեսզի կարողանանք զարգացնել դատապարտյալների հետաքրքրությունը, և նրանք իրենց ժամանակն օգտակար ու արդյունավետ անցկացնեն։ Ի վերջո, ընթերցանությունը զարգացնում է մարդու հոգեբանական աշխարհը, իմացությունը»,-BlogNews-ի հետ զրույցում ասաց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը։
Այս պահին կալանավայրում ընթերցանությամբ զբաղվում է մոտ 150 մարդ։ Դատապարտյալները հիմնականում հետաքրքրված են դետեկտիվ, փիլիսոփայական, պատմական ժանրերի ստեղծագործություններով, դասական հեղինակների գործերով։ «Ցավոք, այսօր այդքան էլ շատ չեն դատապարտյալները, կալանավորները, ովքեր զբաղվում են ընթերցանությամբ, ինչի հիմնական պատճառներից մեկն էլ այն է, որ իրենց հետաքրքրության շրջանակներում համապատասխան գրքեր չեն լինում։ Մենք ունեցել ենք դեպքեր, երբ դատապարտյալները ցանկություն են հայտնել կարդալ հեղինակների, սակայն չենք կարողացել տրամադրել, քանի որ չենք ունեցել այդ գրականությունը։ Շատ ուրախ եմ, որ նման ծրագիր է իրականացվում։ Հուսով եմ՝ սա կունենա շարունակական բնույթ, և որոշ ժամանակ հետո մենք կարող ենք ասել, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկն ունի բավականին լավ գրադարան։ Համոզված եմ, որ նմանատիպ ֆոնդ ունենալով՝ մենք ընթերցողների թվի աճ էլ կունենանք»,- նշեց Գևորգ Սիմոնյանը։
Նշենք, որ նախաձեռնությունը լինելու է շարունակական. BlogNews-ն ու «Մարդկային գործոնն» առաջիկայում էլ կկազմակերպեն գրքերի հավաք և կփորձեն համալրել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի գրադարանը։
Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի



