Tert.am-ը գրում է.

Հ1-ով քաղաքական նոր հաղորդում վարելու որոշում կայացնելը, ըստ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի, հեշտ չէր, և առաջարկը ստանալու պես երկակի զգացողություն է ունեցել:

«Մի կողմից գայթակղություն է եղել լինել ոչ միայն հյուր, այլ նաև հաղորդման տանուտեր, մյուս կողմից էլ կա պատասխանատվություն։ Բայց ծանրութեթև անելով՝ որոշեցի ստեղծագործական աշխատանքի այս ձևն էլ փորձել, հատկապես որ ասում են «Ամենախելացին» մեկ հաղորդման վարելը դրական է ազդել կրթության վրա»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Հարցին՝ որքանո՞վ է կոռեկտ այն հանգամանքը, որ ՀՀԿ փոխնախագահ և կրթության փոխնախարար լինելով՝ հրավիրելու է այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, Արմեն Աշոտյանը նկատեց, որ դրանք բացարձակապես կապ չունեն մեկը մյուսի հետ:

«Ցավում եմ, որ դեռ կան մարդիկ, որ չեն կարողանում ինձ տարածական ընկալել, ես տարածական անձնավորություն եմ՝ անկախ նրանից ինչ պաշտոն եմ զբաղեցնում»,-ասաց Աշոտյանը՝ նկատելով, որ արդեն մի քանի հաղորդում նկարահանել են, սակայն չցանկացավ փակագծերը բացել:

Աշոտյանի խոսքով՝ հյուրերն այս պահի դրությամբ շատ պատրաստակամ արձագանքում են իր հրավերներին:

Նախարարի խոսքով, դեռ չտեսած՝ հաղորդումը քննադատելը միայն մի բանի մասին է խոսում՝ կողմնակալ վերաբերմունքի դրսևորում է. «Քննադատությունների պատրաստ եմ բացառապես եթերից հետո»:

Աշոտյանը հավատացրեց, թե ամենևին էլ «այո»-ի քարոզչություն չի իրականացնելու, այլ իրեն վերապահված հաղորդավարի ֆունկցիան է իրականացնելու՝ «տալ ամենաանհարմար հարցերը ցանկացած հյուրի»:

Իսկ թե ինչպե՞ս է համատեղելու հաղորդավարի պարտականությունները իր բուն գործի՝ նախարարի պաշտոնի հետ, նախարարը նկատեց. «Դեռ չեմ դժգոհում, ես երիտասարդ անձնավորություն եմ, ես ամբողջությամբ համադրում եմ, եթե դուք հետևեք իմ աշխատանքային առօրյային»:

Իսկ թե աշխատանքը կամավոր հիմունքներո՞վ է լինելու, թե՞ վարձատրվելու է, Աշոտյանը պատասխանեց, որ այն վարձատրվող աշխատանք է:

Ի դեպ, նախարար-հաղորդավարը հավատացրեց, թե հաղորդման հյուրերի հարցում սև ցուցակ չունի՝ պատասխանելով այն հարցին, թե ՀԱԿ-ից ներկայացուցիչ լինելո՞ւ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել