Araratnews.am-ը գրում է.
«Ադրբեջանն արդեն մի քանի տարի է՝ փորձում է ձևավորել լոբբինգ համակարգ. ԵԽԽՎ-ում գտել է այն թույլ կառույցը, որտեղ կարողանում է «խավիարային» դիվանագիտությամբ իր խնդիրները տանել առաջ: Կան մարդիկ, ովքեր գումարներ են սիրում եւ պատրաստ են տեղի-անտեղի Ադրբեջանի համար աշխատել»,- այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկմանն ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը:
Նշենք՝ քննարկման թեման Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերով հանձնաժողովի հավանությանն արժանացած բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» վերտառությամբ վիճահարույց զեկույցի նախագիծն է:
Ըստ պարոն Պողոսյանի՝ հայկական կողմն, ունենալով տարբեր երկրներում հայկական համայքներ, կարողանում է այդ կերպ լոբբինգի մեխանիզմներ ձևավորել: Աշխատանքի մեջ ունեցել են եւ հաջողություններ, եւ, այսպես ասած, պարտություններ:
«Զեկույցը ներառվել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի լիագումար նիստի օրակարգ եւ այստեղ նույն խնդիր կա, մենք պետք է կարողանանք աշխատել: Բոլոր կողմերը, որոնք գիտակցում են՝ կարող է հարված հասցվել բանակցային գործընթացին, ապա պետք է բոլոր այդ ուժերին մոբիլիզացնել՝ թույլ չտալով Ադրբեջանին անել ավելին, քան արեց»,- նշեց ԱԺ պատգամավորը:
Ըստ պատգամավորի՝ այստեղ մեկ կամ երկու մարդու մեղավորությունը չէ. «Չեմ տեսնում մեկ կամ երկու մարդու մեղավորության խնդիր: Մենք չենք կարողանում համակարգային աշխատել: ԱԺ-ն պետք է գիտակցեր այդ վտանգների մասին եւ այլ աշխատանքներ թողնելով՝ իր բոլոր կարող ուժերին ուղղել տարբեր եվրոպական երկրներ՝ ճանապարհին խնդիրը փակելով»:
Թևան Պողոսյանը համոզված է, որ այդ զելույցը չի դիմանա որևէ քննադատության ցանկացած մասնագետի կողմից, ով տեղյակ է տարածաշրջանի խնդիրներին:
«Այս տեսակի փաստաթղթերը ազդեցություն չեն ունենա, եթե ունենանք հզոր բանակ եւ տնտեսություն, սա ընդամենը գլխացավանք է, որովհետև ադրբեջանական կողմն ամեն անգամ հղում կանի այդ փաստաթղթին»: