Lurer.com–ը գրում է.

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Ադրբեջանի իշխանություններից պահանջել է անմիջապես ազատ արձակել «Մուսավաթ» կուսակցության փոխնախագահ Թոֆիգ Յագուբլուին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Թուրան» լրատվական գործակալությունը, ՄԻԵԴ-ը ճանաչել է Յագուբլուի իրավունքների խախտումը Միջազգային կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն (ազատության իրավունք), եւ վճռել, որ Ադրբեջանի կառավարությունը պետք է նրան 24 հազար եվրո փոխհատուցում վճարի:

Թոֆիգ Յագուբլուն ձերբակալվել էր 2013 թվականի հունվարի 23-ին Իսմայիլլի քաղաքում իրադարձություններից 10 օր հետո, երբ տեղի բնակիչներն այրել էին այն ժամանակ աշխատանքի նախարար Ֆիզուլի Ալեքպերովի որդուն պատկանող հյուրանոցը: Հուզումների պատճառը հանդիսացել էր ճանապարհատրանսպորտային պատահարը, որը կատարել էր հյուրանոցի հարբած մենեջերը եւ հայհոյել տեղացիներին: Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները Թոֆիգ Յագուբլուին «խղճի բանտարկյալ» են ճանաչել:

2013 թվականի մարտի 17-ին Շաքիի ծանր հանցագործությունների դատարանը տարբեր ժամկետներով ազատազրկման էր ենթարկել 18 մարդու Իսմայիլլիում անկարգություններին մասնակցելու եւ կազմակերպելու համար: REAL շարժման առաջնորդ Իլգար Մամեդովը ենթարկվել է 7 տարի ժամկետով ազատազրկման, «Մուսավաթ» կուսակցության փոխնախագահ Յագուբլուն` 5 տարի ազատազրկման, մինչեւ 8 տարի ազատազրկման է ենթարկվել եւս 8 մարդ:

ՄԻԵԴ-ը ամիսներ առաջ նմանատիպ որոշում է ընդունել նաեւ Իլգար Մամեդովի նկատմամբ, սակայն, Ադրբեջանի կառավարությունը մինչ այժմ չի կատարել Եվրոպական դատարանի վճիռը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել