Մի անգամ հետս մի զարմանալի բան պատահեց: Մի ֆորումում մի բան գրեցի ու գնացի քնելու: Միտք կար այնտեղ – ներողություն էի խնդրում ընթերցողիցս քաղաքականության մեջ ընկնելու համար, թե իբր այնտեղ կյանք չկա, գործ չկա, շարժում չկա: Եվ ահա այստեղ ըմբոստացավ իմ խորունկ ենթագիտակցությունը… Քվանտային դաշտը ինձ լուր ուղարկեց - էդ լուրի անունը երազ է...
Տեսածս ցնցող էր: Տեսա Հայաստանի ջրերը – լճերը, գետերը, լողավազանները, – տաք և արևոտ ջրերում լողանում էին ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԵՆԵՐԱԼՆԵՐ, բարձր չիներ – և ո՜նց էին լողանում – բրաս ոճով, թևերը լայն թափահարելով: Խորհրադանիշն ասում է` Հայաստանի կյանքին տիրում են ոստիկանության գեներալները:
Ապա տեսա մարդկանց խմբեր – գրեթե ամբոխներ, որոնց ոստիկանները խմբերով տանում էին զուգարան – սրանք ստորգետնյա էին – այնտեղ աճած ծառերի արմատները վնասված էին, և անտառները առանց կյանքի էին:
Հայրենի՜ք… Հայրենի՜ք… Այսօր մոտեցանք քո տաք, արևոտ ջրերին, որ ասենք այնտեղ լողացող ոստիկանության գեներալներին – Հայաստանի տաք ջրերը նրա Ուսուցչի, Բանաստեղծի, Նկարչի, Երաժշտի համար են, նրա Գյուղացու ու Բանվորի համար են, Աշխատավորի համար են: Դուք էլ, ոստիկանության գեներալներ, կարող եք լողալ Հայաստանի ջրերում, բայց տեղներդ իմացե՜ք…
Ասացինք: Բայց ինչո՞ւ մեզ չի լքում մենակության զգացումը: Ե՞րբ է վերջանալու մեր հարյուր տարվա մենությունը...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/levon.drnoyan/posts/3568182303744
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել