ՀԱՐՑ
Ինչպիսին պետք է լինի գովազդը:
ՊԱՏԱՍԽԱՆ
Գովազդը պետք է լինի օրինական, հավաստի և պատշաճ, իսկ գովազդի լեզուն՝ գրական հայերեն։
Գովազդի շարադրանքը պետք է ապահովի գրական հայերենի անաղարտությունը, պահպանի ամրագրված լեզվական կանոնները։ Ավելին, Հայաստանում միայն օտար լեզվով գովազդն արգելվում է։ Սակայն այս արգելքը չի տարածվում օտար լեզուներով գրանցված ապրանքային նշանների վրա: Օտարալեզու բովանդակության օտագործումն էլ գովազդում պետք է համապատասխանի օրենսդրության պահանջներին:
Ֆիզիկական անձանց անվան կամ պատկերների օգտագործումը գովազդում առանց նրանց համաձայնության չի թույլատրվում:
Գովազդի օրինական լինելը նշանակում է, որ գովազդը չպետք է իրականացվի օրենքների խախտմամբ: Գովազդը օրինական չէ, երբ այն իրականացվում է՝ օգտագործելով.
- մարդկանց վստահությունը, փորձի կամ գիտելիքների պակասը,
- նախապաշարումները և սնահավատությունը,
- մրցակիցներին, նրանց արտադրանքն ու իրացվող ապրանքների հատկությունները վարկաբեկող արտահայտությունները կամ այլ անհարկի համեմատությունները,
- քաղաքացիներին բռնության, հարձակողականության, խուճապի, ինչպես նաև բարոյականության համընդհանուր նորմերի խախտման դրդող կոչերը,
- սպառողի կյանքին, առողջությանը կամ անվտանգությանը սպառնացող գործողությունների դրդող կոչերը և փաստարկումները և այլն:
Արգելվում է այն գովազդը, որում խախտվում է գովազդի հավաստիությունը, և որը վերաբերում է`
- ապրանքի հատկանիշներին, բնույթին, կազմին, պատրաստման ժամանակին, նշանակությանը, սպառողական հատկություններին, կիրառման պայմաններին, համապատասխանությանը ստանդարտին, քանակին, ծագման երկրին,
- գովազդի հրապարակման պահին ապրանքի արժեքին և գնին, վճարման լրացուցիչ պայմաններին, ապրանքի առաքմանը, փոխանակմանը, վերադարձմանը, նորոգմանը, սպասարկմանը, շահագործմանը, այլ ապրանքների, այլ կազմակերպությունների և մարդկանց իրավունքների և դիրքի հետ համեմատություններին և այլն:
Արգելվում է այն գովազդը, որում խախտվում է գովազդի պատշաճությունը, այն է`
ա) վարկաբեկում է բարոյականության նորմերը.
բ) պարունակում է ռասային, ազգությանը, մասնագիտությանը կամ սոցիալական ծագմանը, տարիքային խմբին կամ սեռին, լեզվին, կրոնական և այլ համոզմունքներին վերաբերող վիրավորական արտահայտություններ, համեմատություններ և պատկերներ.
գ) ուղղակի կամ անուղղակի ձևով արատավորում կամ անհարգալից վերաբերմունք է արտահայտում պետական զինանշանի, դրոշի, օրհներգի, դրամանիշի և այլնի նկատմամբ.
դ) վարկաբեկում է իրավաբանական և ֆիզիկական անձանց, ինչպես նաև արտադրական, առևտրային կամ այլ գործունեությունը, մասնագիտությունը, ապրանքատեսակը և այլն:



