Tert.am-ը գրում է.
«Արտաքին պարտքի ծավալները հաշվարկվում են, թե ինչքանով է այն տնտեսագիտական առումով մեծ կամ փոքր ու սա ավելի շատ կապված է տնտեսության արդյունավետությունից»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք կառավարության համար մտահոգիչ չէ արտաքին պարտքի ավելացումը՝ հաշվի առնելով տարեսկզբից պարբերաբար վերցրած պարտքերը:
«Եթե կարողանում ես սպասարկել այդ վարկերը, վատ ազդեցություն չի ունենա, մանավանդ, որ եթե այսօր վերցնում ենք օրինակ 10 տարի ժամկետով, ապա որպես պարտք այն հաշվարկվում է 10 տարի հետո»,-բացատրեց նախարարը:
Դիտարկմանը, թե ՀՀ-ի ՀՆԱ-ն դոլարով հաշվարկելու դեպքում նվազել է, իսկ արտաքին պարտքը արտարժույթով է, ինչը ցույց է տալիս, որ ՀՆԱ- արտաքին պարտք հարաբերակցությունը գնալով վատանում է, իսկ արդյունաբերությունը չի զարգանում, նախարարը պատասխանեց. «Միայն արդյունաբերությունով չի, ընդհանուր տնտեսության խնդիր է: Նույնիսկ այս տարի արդյունաբերության աճը, եթե համեմատեք մնացած երկրների հետ, ապա կտեսնեք, որ մեր ցուցանիշները լավագույնն են և՛ տնտեսական աճի իմաստով, և՛ արդյունաբերության, և՛ գյուղատնտեսության: Այստեղ երկար վերլուծության խնդիր կա: Պարտքային բեռ ունենում են աշխարհի անգամ զարգացած երկրները»:



