Արևմուտքում արդեն ակտիվ շրջանառվում է այն վարկածը, որ Եգիպտոսում A321-ը վթարվել է բեռնախցիկում տեղադրված ռումբի պայթյունի հետևանքով:
Ի դեպ, այս պնդումն արդեն ոչ թե ներկայացվում է որպես վարկած, այլ գրեթե ապացուցված ու անհերքելի փաստ: Այս մասին խոսում են CNN-ը, reuters-ը, the guardian-ը, մի խոսքով շատ-շատերը, կային մի շարք վերլուծականներ, որոնց հիմքում հիմնականում դրված էր ռումբի պայթյունի թեզը:
Հետաքրքիրն այն էր, որ նույն ձևով ոչ վաղ անցյալում շրջանառվում էր ԻՊ կողմից ցամաքից խոցելու վարկածը: Անընդհատ խոսում էին, որ ինքնաթիռը խոցել են ԻՊ-ականները` ցամաքից, սակայն ոչ մի խոսք չէր ասվում այն մասին, թե ունե՞ն արդյոք նրանք այնպիսի զենք Եգիպտոսի այդ շրջանում, որպեսզի այդքան բարձր տարածության վրա կարողանային խփել, իհարկե դեռ ոչ ոք չգիտի: Նման թեզերն ամենաշատը հերքվում են Եգիպտոսի պաշտոնական և ոչ պաշտոնական աղբյուրների կողմից, շատ հասկանալի պատճառներով:
Ռուսներն էլ չեն հերքում ահաբեկչության վարկածը, բայց հիմնական շեշտը դրված է տեխնիկական խնդիրների վրա: Որպես ապացույց՝ «Когалымавиа» ընկերությունը դադարեցրել է բոլոր A321 ինքնաթիռների թռիչքները: Պարզ է, որ այս կերպ ուզում են լրացուցիչ անգամ ցույց տալ, որ ահաբեկչության վարկածը, որն առաջ է քաշվում Արևմուտքի կողմից, իրենց համար միանշանակ չէ, և ամեն դեպքում տեխնիկական զննում են իրենք անցկացնում:
Բացի դա, ռուսական մամուլն անընդհատ հանդես է գալիս նեյտրալ վերլուծություններով՝ միանշանակ չհամարելով ոչ մի վարկած: Այս ամենի ֆոնին, սակայն, ԻՊ-ականների կողմից հայտարարություն տարածելուց հետո ռուսները պաշտոնական մի քանի աղբյուրներով հերքեցին տարածվող հայտարարությունը:
Էլ չեմ ասում, թե ռուսներն ինչպես էին վստահաբար գրում այն մասին, որ սա ո՛չ ահաբեկչություն է, ո՛չ էլ ԻՊ-ի ձեռքի գործը, քանի որ նրանք այդպիսի զենք չունեն:
Կարծում եմ՝ դեռ երկար հակասական կարծիքներ կկարդանք թե՛ Արևմուտքի և թե՛ ռուսների կողմից, մինչև այս խնդիրը վերջապես պարզ դառնա:
Ամեն դեպքում վարկածները բազմաթիվ են ու բազմատեսակ, բայց այս երկուսը կարելի է համարել հիմնական շրջառվող թեզեր:
Հ.Գ. Մի քանի օր առաջ «New York Times»-ի վերլուծություններից մեկում առիթը բաց չէին թողել մի հավեսով կծելու համար: Ամբողջ վերլուծությունը նվիրված էր զոհերին, ԻՊ հայտարարություններին, իսկ արանքում մի տեղ խոսվում էր ռուսական ավիաընկերությունների վատ ռեպուտացիայի մասին: Մի քիչ ցեխ` ռուսների էրեսին, մի քիչ ցեխ էլ` իրենց արտադրանքի ու գործունեության: