Աստղաբան, հասարակական գործիչ |
2991 թվականին հնագետները պեղումների ժամանակ կհայտնաբերեն «Նոկիա» հեռախոս, որի օրացույցը մինչև 2999 թվականի դեկտեմբերի 31-ն է: Գիտնականները կնետվեն նոր ատենախոսություններ գրելու, իբր հին ժամանակներում ապրել են «Նոկիա» հնդկացիներ, որոնք իմացել են, որ աշխարհի վերջը գալու է 2999 թվի դեկտեմբերի 31-ին: Լրագրողները թեմայի պոչից կբռնեն ու կսկսեն գեղարվեստորեն ներկայացնել փաստն, ու մարդիկ կսկսեն իրենց շուրջը փնտրել աշխարհի վերջի նշաններ, օրինակ՝ այս տարի արդեն հինգերորդ անգամ իմ բուտերբրոդն ընկել է կարագը վերև, դա վստահաբար մոլորակի էներգետիկ դաշտի փոփոխությունների արդյունքն է, որը բերել է երկրի վիբրացիոն անհանգստությունների: Բոլորը կսկսեն նախապատրաստվել երկու-երեք շաբաթ առանց էլեկտրականության ապրելու, մոմի ու լուցկու արտադրությունը կրկին կվերագործարկեն:
Իսկ եթե ավելի լուրջ, աշխարհի վերջի մասին այդ հիստերիկ լուրերն ինչո՞ւ չեք վերլուծում: Շումերների չարաբաստիկ Նիբիրուն, որ պիտի 2011-ի մայիսին անզեն աչքով արդեն երևար, ո՞ւր է: Մեկդ ցույց տվեք, էլի, ի՞նչ կլինի: Կամ, էդ որ երկնաքարը գալու է ու ընկնի մեր վրա, այնքան նենգ ու անտեսանելի է, որ դարանակալած սպասում է ամսի 21-ը գա, որ ծի´կ, ես եկա, գա ու ընկնի մեր վրա: Չե՞ք համեմատել, որ մի պստլիկ գիսավոր է լինում ամիսներով երկնքում երևում է, ո՞ւր է այդ արմագեդոնային ահարկուն:
Մի տեղ կարդացի, որ ինչ-որ լամա ասել է, թե պետք է տներից հեռանալ, գնալ անտառները ու այնտեղ ապրել երկու շաբաթ, քանի դեռ էլեկտրականության մատակարարումը չի վերականգնվել: Լավ, բա մեկը չեղա՞վ այդ մարդուն հարցնի, եթե մարդկությունը վերանալու է, ո՞նց են ընտրվելու այն մի քանի էներգետիկ-էլեկտրիները, որոնք հոսանք են ապահովելու ձեր՝ անտառում վրանների տակ փրկված մի բուռ երջանիկների համար: Կամ լավ, ասենք դա էլ է հնարավոր, քաղաքներից մարդկանց ուղարկում եք հեռու, ենթադրելով, թե դրանք քանդվելու են (նկատի առեք, քաղաքները քանդվելու են, բայց խղճուկ վրանները, այն էլ ձմռանը, պաշտպանելու են մարդկանց), բա էդ էլեկտրակայանները ո՞նց են կանգուն մնալու: Հա, հասկացա, երևի երկու շաբաթում քարուքանդ եղած երկրի վրա հայթայթելու են շինանյութ ու քանի որ բոլոր շինարարներն արմագեդոն վերապրած վրանաբնակների մեջ են լինելու, արագ տեմպով կկառուցեն հէկ-եր, ատոմակայաններ և այլն, բայց մի րոպե, բա էդ դեպքում… կարող է՞ նախապես պետք է ամբարձիչներ, տրակտորներ և այլ շինտեխնիկա պահեն բունկերներում… Բայց որտե՞ղ կառուցեն բունկերը, փաստորեն իրենք գիտե՞ն որ մասն է անվնաս մնալու…
Լավ էդ էլ մի կողմ, ասենք թե երկշաբաթյա արկած է լինելու առանց էլ. հոսանքի: Դո՞ւք (մենք՝ հայերս) ինչից եք վախենում, առանց հոսանքի, առանց սնունդի տարիներ չեք անցկացրե՞լ: Տոտալ շրջափակում չեք ապրե՞լ: Հիմա մի երևելի լավ ե՞ք ապրում: Ի՞նչ եք խառնվել իրար, կյանք է, էս մի աշխարհի վերջն էլ կանցնի, կգնա: Չեք հիշո՞ւմ, մի քանի օր առաջ էր, ամսի 5-ին մեկն էլ եղավ, անցավ ))))))
Լավ հիշեք, մենք աշխարհի վերջը մեր վրա մի անգամ արդեն փորձարկել ենք, վերացող տեսակ չենք, հանգիստ ապրեք: Այդ հոգեբանական ճնշումներին էլ մի տրվեք: Թող մտածեն փափկասուն եվրոպացիք, ամերիկացիք, չնայած էլի չեն վերանալու;)
Իսկ մենք հավերժ ենք՝ մեր լեռների պես)))