Պետականության անկումից հետո եկեղեցին ստանձնեց պետության որոշակի պարտավորություններ, որն իրենից ենթադրում էր հասարակության կյանքի բոլոր ոլորտների միահեծան տնօրինում և վերահսկողություն:
Հայոց պատմության դպրոցական դասագրքերում, ինչպես նաև համալսարանական դասախոսություններում այս փաստը ներկայացվում է որպես լրջագույն ձեռքբերում, այն է՝ իբրև թե ժողովուրդը մնացել էր անտեր և եկեղեցին փրկեց նրան այդ անտերությունից:
Չժխտելով այն փաստը, որ Քրիստոնեությունը Հայոց ինքնության բաղկացուցիչ մասն է կազմում, այնուամենայնիվ, պետք է փաստել, որ նմանատիպ ձևակերպումները ոչ միայն հակապատմական ու սխալ են, այլ նաև ձևախեղում են երեխաների պատկերացումները պետականության վերաբերյալ՝ ստորադասելով պետականության գաղափարը եկեղեցու և կրոնի նկատմամբ:
Եվ այսպես.
Եկեղեցին իր ուրույն ներդրումն ունի պետականության քայքայման աստիճանական գործընթացում, որը տևել է մի քանի հարուրամյակ:
Եկեղեցին կրոնական կառույց է և երբեք չի կարող համակեցական կյանքի կազմակերպման գործում որևէ կերպ մրցակցել պետության հետ:
Հայ Առաքելական եկեղեցին հիեարխիկ, ուղղահայաց և խիստ պահպանողական կառույց է, այն չի կարող առաջնորդել հասարակության արդիականացման, այլացման պրոցեսը, ինչի արդյունքում հայ հասարակությունը մի քանի հարուրամյակների ընթացքում զարգացած էթնո-մշակութային հանրույթից վերածվեց ադաթներով ապրող կիսագրագետ և պարզունակ կրոնական հանրույթի:
Օբյեկտիվ պատճառներով չունենալով վերջին երկու կետերի իրագործման որևէ կարողություն և հնարավորություն՝ եկեղեցին առաջ քաշեց օտարի միջոցով փրկվելու կեղծ թեզը՝ փոշիացնելով հասարակության պաշտպանողական ողջ ներուժը:
Վերոշարադրյալից ելնելով՝ կարող ենք պնդել, որ եկեղեցին ավելի քան 600 տարի կանխարգելել է պետականության վերականգնման հնարավորությունը, քանզի իր վրա վերցրել է այնպիսի լիազորություններ, որոնք չեն համապատասխանում իր իրական հնարավորություններին:
Տարիներ առաջ անհասկանալի պայմաններում որոշում կայացվեց դպրոցներում որպես պարտադիր առարկա մտցնել Հայ եկեղեցու պատմություն դասընթացը: Առարկան հիմնականում դասավանդվել է օրենսդրության կոպիտ խախտումների ուղեկցությամբ, քանզի այն դասավանդող ուսուցիչները, լինելով ոչ մասնագետներ, պատկերացում չեն ունեցել և չունեն, թե ինչ բան է կրոնական քարոզչությունը, կրոնական անվտանգությունը, կրոնական խտրականությունը, խղճի և դավանանքի ազատությունը և այլն:
Իսկ հիմա խոսակցություններ են շրջանառվում, թե այդ առարկան հանրակրթական դպրոցներում պետք է դասավանդեն հոգևորականները:
Ի՞նչ է սա՝ ժողովրդավարական, աշխարհիկ պետությանը բնորոշ կրթությո՞ւն, թե՞ կրոնապետության հերթական դրսևորում:
Ահա այսպիսի փայլուն կրթություն ենք ստանում: