Հայաստանի բնակչության 54.4%-ը ցանկանում է, որ Հայաստանը միանա Ռուսաստանի Դաշնությանը:
Նման ցուցանիշ է արձանագրել «Gallup Internatiоnal» ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչությունը Հայաստանի բնակչության շրջանում 2015թ. սեպտեմբերին անցկացրած հարցումների արդյունքում։
Ճշմարտության աչքերին նայելով՝ կարող եմ ասել, որ սա, ցավոք, այն դեպքն է, երբ պիտի համաձայնեմ հարցման արդյունքների ճշմարտացիության հետ: Հայաստանում ստեղծվել է սոցիալ-տնտեսական, իրավական, քաղաքական, մշակութային և գաղափարական խոր ճգնաժամ: Ճգնաժամ, որն օր օրի ավելի է խորանում, օր օրի ավելի է հիասթափեցնում մարդկանց, ովքեր չեն կարողանում մտածել որևէ այլ բանի, քան օրվա հացը հայթայթելու մասին: Չէ, խնդիրն այն չէ, թե մենք ռուսասեր ենք, եթե Եվրոպան կամ ԱՄՆ-ն էլ այդքան հասանելի լինեին, որքան Ռուսաստանը, ապա նմանատիպ հարցման արդյունքում մեծագույն չափաբաժինը կկազմեր նրանց միանալը: Եվ հեչ տեղին չեն քննադատական գնահատականները: Երբ մարդ սոված և նվաստացած է, դժվար է հասկանալ անկախության վեհությունը, քանի որ այդ անկախությունից չի ստացել սոցիալական ու իրավական արդարություն, զարգացած երկիր, կայունացող տնտեսություն և այլն....



