Galatv.am-ը գրում է.
«Սինայի թերակղզում եգիպտական բանակը պայքարում է «Իսլամական պետությանը» հավատարմության երդում տված զինյալների դեմ: Հակամարտության հետեւանքով առաջին հերթին տուժում է խաղաղ բնակչությունը»,- տեղեկացնում է Deutsche Welle-ն:
Վերջին տարիներին հարյուրավոր իսլամիստներ են հաստատվել Սինայում: Ահաբեկիչները զգալիորեն ակտիվացան, երբ 2013թ.-ին պաշտոնանկ արվեց Եգիպտոսի նախկին նախագահ, «Մուսուլման եղբայրներ» շարժման անդամ Մուհամեդ Մուրսին: Թերակղզում գործող հիմնական ահաբեկչական խմբավորումներից մեկը՝ «Անսար Բեյթ ալ-Մաղդիսը» վերջերս հավատարմության երդում տվեց «Իսլամական պետությանը»՝ այդուհետ կրելով «Սինայի նահանգ» անվանումը: Այդ խմբավորման զինյալները ստանձնել են բազմաթիվ ահաբեկչությունների պատասխանատվությունը, որոնց ժամանակ սպանվել են եգիպտական բանակի հարյուրավոր զինծառայողներ:
Ի պատասխան ահաբեկիչների գործողությունների, եգիպտական բանակը մի շարք տարածքներում պարետային ժամ է հայտարարել եւ հարձակումներ է ձեռնարկում զինյալների դիրքերի ուղղությամբ: Օրերս նման գրոհի ժամանակ, Եգիպտոսի իշխանությունների տվյալներով, սպանվել էր 500 ահաբեկիչ:
Փորձագետների խոսքերով, «Սինայի նահանգ»-ի կազմում ներկայումս մարտնչում են մինչեւ 700 զինյալներ: Նրանց թվի աճին նպաստում են այդ շրջանում գործազրկության եւ հանցավորության բարձր ցուցանիշները:
Շատ տեղաբնակներ 50 դոլար վարձատրության դիմաց հերթապահություն են իրականացնում եւ ահաբեկիչներին տեղեկացնում մոտեցող զինվորականների կամ ոստիկանների մասին, տեղադրում են ինքնաշեն պայթուցիկներ: Բեդուիններն իրավունք չեն ունեցել բանակում ծառայելու, զուրկ են եղել որոշ իրավունքներից, եւ այդ պատճառով հանրության շրջանում հասունացել են դժգոհություններն ու հակակառավարական տրամադրությունները:
Եգիպտոսի իշխանությունները սովորաբար իսլամիստների հարձակումներին դաժան հակահարված են տալիս: Օրերս պատժիչ գործողությունների արդյունքում Գազայի հետ սահմանային շրջանում կառավարական ուժերն ավերեցին ավելի քան 3000 ընտանիքների բնակարաններ: