Ամենալավ ու ամենավատ երկրները երիտասարդների համարBarometer.am-ը գրում է.

Պարզվել է, թե երիտասարդների համար որոնք են ամենալավ և ամենավատ երկրները ապրելու համար: Նկարում կանաչով ներկված են լավագույն, մանուշակագույնով` վատագույն երկրները:

Հետազոտությունն իրականացրել են լրագրող թղթակից Ֆելիքս Մարքուարդն ու նրա թիմը: Նրանց համար որպես հետազոտության աղբյուր են հանդիսացել այնպիսի միջազգային կազմակերպությունների տվյալներ, ինչպիսիք են Համաշխարհային բանկը, ՅՈւՆԵՍԿՈ-ն և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ): Հետազոտողների թիմն օգտագործել է 59 ցուցանիշ` 64 երկիր չափելու համար: Նրանք նաև չափել են երկրների առողջապահական, կրթական հիմնախնդիրները, ինչպես նաև աշխատանք գտնելու հավանականությունը: Հետազոտությունն անց է կացվել մինչև 25 տարեկանների շրջանում:

Youthonomics ինդեքսի արդյունքները շատ հետաքրքիր են. ահա հրաշալի հնգյակը` Նորվեգիա, Շվեյցարիա, Շվեդիա, Դանիա ևՀոլանդիա: Վերջիններս համարվում են աշխարհի "ամենաերիտասարդասեր" երկրները: Շատ երիտասարդներ աշխատանք չունենալու խնդրի առջև են կանգնած Հարավային Աֆրիկայում և Ասիայում: Շատ դեպքերում, այս ինդեքսն ուղղակիորեն կապված է երկրի տնտեսական վիճակի հետ. տնտեսապես ապահով կամ հարուստ երկրներն ավելի շատ են գրավում երիտասարդներին:

Մարքուարդն ու նրա թիմը բերում են 2 հիմնական գործոն.

1. Արդյոք տվյալ երկիրը ցանկանում ու պատրաստ է սերնդափոխություն անել և տեղ տալ երիտասարդներին տարբեր ոլորտներում,

2. արդյոք դա հնարավոր է տնտեսապես իրականացնել:

Բայց և այնպես նշում են, որ միայն գումարի առկայությունը դեռևս չի նշանակում, որ այդ երկիրը հարմար է երիտասարդների համար:

"Թույլ տվեք, որ երիտասարդները գնան արտասահման", - նշում է Մարքուարդն իր հոդվածում ու բացատրում, որ որքան շատ երիտասարդները մեկնեն արտասահման, սովորեն նոր աշխատանքային մշակույթին, կրթվեն, զարգանան, այնքան լավ: Միևնույնն է, շատերը հետ են գալիս իրենց երկիր, քանի որ կարոտում են ու արդյունքում ավելի պրոֆեսիոնալ են դառնում: Օրինակ` շվեդներին թույլ է տրվում հանգիստ գնալ և աշխատել այլ երկրներում: Ավելին, Նորվեգիան ու Շվեդիան համաձայնություն ունեն իրար հետ. եթե օրինակ՝ Շվեդիայում կա թափուր աշխատատեղ, հարևան երկրից կարող են դիմել ու գնալ աշխատելու: Ակտիվացել է հատկապես Ավստրալիայի, ԱՄՆ-ի ու այլ երկրների "ճամփորդություն ու աշխատանք" քաղաքականությունը. դրանով նրանք իրենց երկիր են կանչում երիտասարդների, ովքեր ցանկանում են կարիերա կառուցել: Սա ձեռնտու է երկու կողմին էլ. երիտասարդը աշխատում է, գումար վաստակում, տվյալ երկիրն էլ խելացի կադր է ձեռք բերում ու հարկեր գանձում:

Շատ զարգացող երկրներ պայքարում են աղքատության դեմ ու թվում է, թե դրանք չեն կարող գրավիչ լինել երիտասարդների համար: Բայց տեսեք, որ Չինաստանը բացառություն է, այն բավականին գրավիչ է երիտասարդների համար, քանի որ մեծ գումարներ է ներդնում կրթության վրա: 
Լատինամերիկյան երկրների մեջ առանձնանում է Չիլին, որը նույնպես համարվում է երիտասարդների համար շատ հարմար երկիր:

Հայաստանը և մեր տարածաշրջանը կարծես դուրս էր հետազոտական խմբի ուշադրությունից, բայց հաշվի է առնված Ռուսաստանը, որը, ցավոք, վատագույն երկրների շարքում է: Չնայած այնտեղ ապրող բազմաթիվ երիտասարդ հայ ընտանիքներ միգուցե այլ բան ասեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել