Դիտեցի ոստիկանության տարածած տեսանյութը, որտեղ անդրադարձ կար ֆեյսբուքյան օգտատերերի, հավանաբար նաև նվաստիս արտահայտած բացասական կարծիքներին՝ ավտոմեքենաների դիմապակիների թաղանթները հեռացնելու ոստիկանության պահանջին: Եթե ելնենք իմ՝ բնածին ապուշության կանխավարկածից, ապա ոստիկանության արձագանքը միանգամայն նորմալ է՝ մենք մտածում ենք ձեր մասին, դուք մեզ քննադատում եք: Բայց որքան էլ հիմք ընդունեք նվաստիս մտավոր ցածր կարողությունները, պետք է ֆիքսենք, որ իմ բողոքն անվտանգության կանոնների դեմ չէ, այլ դրա կիրառման ընտրելիության և ըստ հաճույքի ժամանակագրության սահմանման դեմ: Ստիպված եմ համառոտ վերաշարադրել հարցերս.
* Ինչո՞ւ եք թույլատրել առ այսօր, որի հետևանքով մենք ունենք համատարած մգացված մեքենաներ: Չէ՞ որ շուրջ 10 տարի է՝ այդ արգելքը, փաստորեն, գործել է և տարբեր ժամանակներում խստացվել կամ թուլացվել է ըստ հաճույքի:
* Համաձայն եք, չէ՞, որ մարդիկ ծախսեր են կատարել, ընդ որում բավականին շատ ծախսեր, իսկ այդ ապամոնտաժումները վնասում են մեքենայի տեսքը՝ քերծվածքների և այլնի տեսքով, նաև խփում են մարդկանց գրպանին: Պետք է սահմանել ողջամիտ ժամկետներ՝ խնդրի լուծման համար:
* Եթե ոստիկանությունը դիմում է նման քայլի, ուրեմն վիճակագրությունը փաստում է, որ մգեցված ապակիները բազմաթիվ կորուստների տեղիք են տվել: Ինչո՞ւ նախկին ամենաթողության համար պատժվում են ոչ թե պատասխանատու պաշտոնյաները, այլև բանից անտեղյակ վարորդները՝ 50 000 դրամի տեսքով:
* Բարձրաստիճան պաշտոնյաների վրա տարածվելո՞ւ է այս նոր խստացումը, թե՞ ոչ, եթե ոչ՝ ինչո՞ւ...
* Եվ ամենակարևորը՝ որոշումն այս անգամ սկզբունքայի՞ն է, թե՞ ոչ: Կրկի՞ն հովհարային բնույթ է կրում, թե՞ օրենքը քմահաճույքի դաշտից տեղափոխվում է բոլորի նկատմամբ պարտադիր կիրառման դաշտ: Եթե որևէ մեկը կարողանալու է շրջանցել այդ կարգը, քանի՞ կոպեկի արժեք կունենա այդ վճռականությունը...
Մտորեք այդ մասին...
Հ.Գ. Եթե վերացնեք այս օրենքն ընտրովի ժամանակագրությամբ և ըստ քիմքի կիրառելու՝ տասնամյակ տևած պրակտիկան, ես միայն ուրախ կլինեմ և առաջինը կողջունեմ...