Tert.am-ը գրում է.
ՀՀ քննչական Կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Սամսոն Ղազարյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ:
Այս մասին հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի կայքը:
2015թ. հոկտեմբերի 21-ին Սամսոն Ղազարյանը հաղորդում է տվել, որ ինքը ծեծի է ենթարկվել:
Նախնական քննությամբ պարզվել է, որ 2015 թվականի հոկտեմբերի 21-ին` ժամը 09:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցում գտնվող թիվ 82 դպրոցի մոտակայքում Ս. Ղազարյանին ծեծի է ենթարկել Բ. Փայտյանը՝ պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք:
Պարզվել է, որ ավտոմեքենայով երթևեկելու ընթացքում միմյանց չզիջելու հետևանքով Ս.Ղազարյանը և Բ. Փայտյանը վիճել են, որի ընթացքում Բ. Փայտյանը բռունցքով հարվածել է Ս.Ղազարյանին:
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են քրեական գործ հարուցելու բավարար հիմքեր՝ 2015թ. հոկտեմբերի 30-ին ՀՀ քննչական Կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (Ծեծ):
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։