Այն, որ տղամարդն իր էությամբ «որսորդ» է, այդ մասին գիտեն բոլորը: Այլ հարց է, որ ամեն կին չէ, որ գիտակցում է դրա բուն էությունը:
Ծանոթություններ ու հարաբերություններ հաստատելու ընթացքում անպայման այդ փաստը պետք է հաշվի առնել:
Եթե դու նպատակ ունես երկարատև հարաբերություններ հաստատել, ուրեմն տղամարդը պետք է ժամանակ ու ջանք թափի քեզ հասնելու համար:
Եվ այսպես, ինչի՞ մասին չպետք է մոռանալ տղամարդու հետ շփվելիս:
Եթե ուզում ես, որ տղամարդը գնահատի ու սիրի քեզ, հասանելի մի՛ եղիր նրա համար:
Հարաբերությունները պետք է նման լինեն «մուկն ու կատու» կամ «սառը և տաք» տարբերակներին: Հաճախ կանայք արագ են սիրահարվում և ճանապարհի կեսից վայր են դնում իրենց պաշտպանական «զենքերը», բայց չէ՞ որ դա պետք է անել կայուն հարաբերություններ ունենալու համար:
Քիչ չէ, երբ կանայք առաջին իսկ ժամադրությանը չեն կարողանում թաքցնել, որ համակրում են դիմացինին, և դա էլ հենց նրանց մեծագույն սխալն է: Տղամարդիկ այդքան էլ անզգա չեն, ինչպես կարծում եք, նրանք տեսնում և զգում են, որ առջևում կանաչ լույս է վառվում:
Տղամարդը «որսորդ» է, հիշե՛ք, նա ուզում է նվաճել, նա ուզում է «հասնել», որովհետև ոչ թե վերջնական հաղթանակն է երջանկություն պարգևում, այլ ընթացքը: Իսկ երբ ամեն ինչ հասու է, ապա պայքարելու համար դառնում է անհետաքրքիր:
Դիտարկենք մի քանի օրինակներ:
Հեռախոսը տղամարդն օգտագործում է այն ժամանակ, երբ կարիք է ունենում որևէ բան հստակեցնելու, հանդիպում նշանակելու համար, իսկ ահա մենք զանգ ենք տալիս ճշտումներ անելու՝ որտե՞ղ է, ո՞ւմ հետ, ե՞րբ կլինի տանը և այլն: Եթե տղամարդը զանգ չի տալիս, ուրեմն իսկապես զբաղված է, այդ դեպքում պետք է ուղղակի սպասել, որպեսզի առաջին քայլը նա անի:
Կանայք ավելի արագ են հասկանում, թե տղամարդն իրենն է, թե ոչ, իսկ ահա տղամարդկանց մի քանի ամիս է հարկավոր, որպեսզի դա գիտակցեն:
Եթե դու իսկապես հետաքրքրում ու հուզում ես նրան, ապա ՀԱՎԱՏԱ՛ նա ժամանակ ու առիթ չի խնայի քեզ նվաճելու համար:
Մի կարևոր նկատառում. բնությունից տրված է, որ կանայք, ի տարբերություն տղամարդկանց, տասն անգամ ավելի շատ կարիք ունեն շփման: Եվ պետք չէ այդ շփումը տղամարդու նյարդերի հաշվին սպառել: Չափից շատ հոգատարությունը կարող է զզվեցնել ցանկացած տղամարդու:
Եթե տղամարդը ցանկություն չի ունենում շփվելու, ավելի լավ է նրան հանգիստ թողնել, ի վերջո ինչի՞ համար են լավագույն ընկերուհիները:
Վերջերս նկատվում է հայ կանանց զիջողականության, իսկ տղամարդկանց պայքարի, պատասխանատվության անկում: Բավակա՛ն է: Մենք ցանկանում ենք մեր կողքին տեսնել ուժեղ, խելացի, պատվախնդիր տղամարդկանց: