Tert.am-ը գրում է.
ԱԺ Պետաիրավական և Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի հանձնաժողովներում շարունակվում է 2016 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները: Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ 2015 թվականին 17 բյուջետային ծրագրերի մասով եղել է 15 միլիարդ 434 միլիոն դրամ, իսկ 2016 թվականին 16 ծրագրերի մասով նախատեսված է 13 միլիարդ 838 միլոն 604 հազար դրամ:
Նախարարը նշեց, որ ավելացումներ են նախատեսում հրատարակչական և տեղակատվական, տպագրական ծառայությունների ծրագրերում: «ԵՏՄ անդամակցությունից հետո նկատվում է, որ շեշտակիորեն ավելացել է թարգմանչական գործը և այդ ծառայության համար էլ որոշակի գումար ենք խնդրում ավելացնել, քանի որ պետք է թարգմանվի 26990 էջ: Գումար ենք խնդրել նաև քրեակատարողական հիմնարկների պահպանման համար»,- ներկայացրեց նա:
Արդարադատության նախարարը մատնանշեց, որ այս տարի Արդարադատության նախարարությանն ավելի քիչ գումար է հատկացվել, քան նախորդ տարի:
ԱԺ անկախ պատգմավոր Էդմոն Մարուքյանը նշեց, թե «Քաղաքացիական հասարակություն» ՀԿ-ն հրապարակել է իր ուսումնասիրությունները, որի համաձայն՝ 2013 թվականին վաղաժամկետ ազատման համար ազատ է արձակվել 226 մարդ , իսկ 2014-թվականին՝ 184 մարդ, սակայն ներկայացվածների թիվը մի քանի հարյուր անգամով ավելի է:
«Բյուջեի հետ կապված եմ ուզում հարցնել, թե արդյո՞ք այս համակարգը, որ մենք ունենք չի բերում նրան, որ մեր հարկատուի վրա բեռը պահպանվում է... »,- հարցրեց նա:
Նախարարը նախ համաձայնեց, որ պայմանական վաղաժամկետ ազատման հետ կապված կան խնդիրներ և արդեն իսկ մի շարք հանձնարարականներ են իջեցվել:
«Ես ծանոթ եմ այն թվերին, որոնք դուք հնչեցրեցիք, երեկ եղել է թվերի հրապարակումը և երեկ էլ պատասխան է եղել Արդարադատության նախարարության կողմից: Նշեմ, որ իրականում քրեակատարողական համակարգում նախորդ տարի էլ որոշակի տնտեսումներ են եղել, սակայն այս պահին ես կդժվարանամ թվեր հրապարակել»,- պատասխանեց նա:
Էդմոն Մարուքյանն անդրադարձավ նաև ԴԱՀԿ-ի հետ կապված հարցերին և նշեց.«ԴԱՀԿ-ի համար 1.4 մլրդ դրամի գումար է նախատեսված, այդ մարմինն ունի արտաբյուջետային հաշիվ, որը խորհրդարանական վերահսկողությունից դուրս է գտնվում և պարզ չէ, թե այդ գումարներն ինչի վրա են ծախսում»:
Նա հարցրեց, թե արդյո՞ք հնարավոր չէ նրանց հատկացումներից կրճատումներ անել, իսկ Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ դա միակ մարմինը չէ, որ ունի արտաբյուջե: Նա նաև նշեց, որ կարելի է արտաբյուջեների հետ կապված վերահսկողական մեխանիզմներ սահմանել՝ օրենսդրորեն, ինչը հենց պատգամավորների գործն է: Արփինե Հովհաննիսյանի խոսքերով՝ Արտաբյուջեներից հիմնականում տրվում են հավելավճարներ, ինչ-որ թաքուն տեղերում չեն ծախսվում:



