Միգուցե ես էլ, եթե աղջիկ ունենայի, շատ ընկերներիս նման գեղեցիկ ու խորը գրեի իմ աղջկա մասին, բայց երևի... Եթե չունեմ դեռ, այդպես էլ պիտի լիներ... Իմ աղջիկը կլինի նա, ում կընտրեմ ես, ու ով ինձ կընտրի... Տարիներ անց արդեն երևի ես էլ կգրեմ մեր աղջկա մասին:
-Ի՛մ աղջիկ, հիմա դու ինչ-որ տեղ` հեռվում, ապրում ես քո սովորական, առօրյա կյանքով, ու երևի ես միայն քո աղջկական երազանքների մեջ կամ, կամ միգուցե չկամ էլ: Ինչպես ցանկացած աղջիկ, դու էլ երևի երազում ես սպիտակ ձիով ասպետի մասին: Իմ ողջ կյանքում փորձել եմ հնարավորինս մոտենալ սպիտակ ձիով ասպետի կերպարին: Դեռ քեզ չունենալով անգամ իմ ամենահեռավոր մտքերի մեջ՝ միշտ փորձել եմ դառնալ այնպիսին, որ երբ մի օր կյանքի ճանապարհները մեզ հանդիպեցնեն, դու հնարավորինս քիչ հիասթափվես, որ սպիտակ ձիով ասպետներ չեն լինում: Դա կլինի քո երկրորդ մեծ հիասթափությունը Ձմեռ պապին բացահայտելուց հետո, բայց ախր հիասթափություններն էլ կյանքի մի մասնիկն են: Ես կամ այնպիսին ինչպիսին կամ, ինձ միայն սպիտակ ձիով ասպետ կդարձնի իմ անձի քո ընկալումը, բայց ես խոստանում եմ երբեք կանգ չառնել ասպետանալու ճանապարհին: Դու կլինես իմ աղջիկը, իմ սերը, իմ կինը, իմ կողակիցը, իմ մուսան, իմ շարժիչը, իմ հոգածության ու քնքշանքի ամենամեծ «սպառողը», իմ մեծ տան փոքրիկ տիրուհին: Ես երբեք իմ ոչ մի քայլով չեմ ստիպի, որ դու մեծանաս, դու միշտ կլինես իմ ավագ աղջիկը: Դու կունենաս ամեն ինչ, իսկ ես կունենամ քեզ` երջանիկ լինելու համար: Մենք, որքան էլ որ զարմանալի թվա, կվիճենք միայն, թե ով պիտի լինի մեր առաջնեկը, ու կրկին ես «կպարտվեմ», քանի որ որքան էլ տարօրինակ է, ես աղջիկ եմ ուզում, ու միայն նման հարցերի շուրջ: Իմ հաղթանակած պարտություններից կհրճվես, թեև թե ով կլինի նա, չգիտենք ո՛չ ես, ո՛չ դու... Բայց ես պատրաստ կլինեմ քեզ միշտ «պարտվել»՝ թեկուզ միայն քո չարաճճի աչուկների հաղթական փայլին արժանանալու համար:
Արդեն բավականին ապրել եմ քո տեղն իմ կյանքում ազատելու, մաքուր պահելու ու նույնիսկ փայփայելու համար, որ գալով իմ կյանք՝ դու քեզ լիիրավ տիրուհի զգաս: Մաքրել եմ տղայական թեթևամտությունից, մարդկային եսասիրությունից, թողել եմ միայն ոչ այնքան ճոխ, բայց ապրեցնող տղամարդկային հոգատարությունն ու սերը, հայրական քնքշանքն ու համբերատարությունը, քեզ անսահման թույլ ու անպաշտպան զգալու, իմ գրկում քեզ ամենաուժեղն ու գեղեցիկը, ամենախելացին ու ինքնավստահը զգալու հնարավորությունը: Թողել եմ, որ դու գաս ու քեզնով լցնես ինձ մնացած թերևս միակ ու ամենակարևոր դատարկությունը: Թողել եմ, որ գաս ու դառնաս այն միակը, ում սրտի ամեն թրթիռի վրա կդողամ, ում համբույրից կդառնամ ամենազոր, ում արդուկած կոստյումով ինձ ամենավստահը կզգամ, ում առավոտյան սուրճից հետո կդառնամ ամենաառույգը, ում գիրկը կշտապեմ ամեն երեկո:
Ես քեզ ունեմ ու սկսել եմ սիրել քո թիթիզությունը, քո ուլիկներին, որ գալիս ես ոչ թե ինչպես սովորական ուլիկները` մինչև ապրիլի կեսը, այլ երբ ցանկանան, ես արդեն սիրում եմ քեզ այնպիսին, ինչպիսին կաս՝ քո բոլոր առավելություններով ու թերություններով հանդերձ, ինձ արդեն թվում է, թե դու արդեն սկսել ես դիմանալ իմ երբևէ անտանելի բնավորությանը (իմ ուլիկներն էլ քոնին չեն զիջում չարաճճիությամբ):
Դու հիմա հանգիստ ապրում ես քեզ համար, երազում ես կամ չէ իմ մասին, բայց մի օր մենք հաստատ կհանդիպենք: Կհանդիպենք հանդիպելու լրիվ այլ իմաստով` որպես այր ու կին ու կլինենք ամենաերջանիկը, քանի որ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ մասին դու կունենաս նույն պատկերացումները, ինչ ես... Մի օր մենք պատահաբար կհանդիպենք, բայց անհրաժեշտաբար հրաժեշտ չենք տա, իսկ մեծն Սևակն էլ մեզ կների, թե չի էլ ների, ինքը գիտի... Երջանիկներին չեն դատում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagmamulyan
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել