Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնության Տուլայի շրջանում Մոսկվայից Երևան ուղևորվող ուղևորատար ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի: Այդ մասին interfax.ru-ին հայտնել է արտակարգ ծառայություններում աղբյուրը:

«Վիրավորներից մեկը մահացել է հիվանդանոցում: Այդկերպ ընդհանուր առմամբ վթարն ութ մարդու կյանք է խլել»,- interfax.ru-ին հայտնել է աղբյուրը: Եվս 42 մարդ վնասվածքներ է ստացել:

Նոյեմբերի 3-ին՝ երևանյան ժամանակով ժամը 03.10-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի շրջանի մոտ «Դոն» ավտոճանապարհի 221-րդ կիլոմետրին Մոսկվայից Երևան եկող ավտոբուսը վթարի է ենթարկվել:

ՌԴ Ներքին գործերի նախարարության շրջանային վարչությունից հայտնել են, որ ավտոբուսում եղել է 59 ուղևոր, նրանցից 50-ը՝ տղամարդ, 9-ը՝ կին, ինչպես նաև երկու վարորդ: Նրանք բոլորը Հայաստանի քաղաքացիներ են եղել, ավտոբուսը պատկանել է հայկական ընկերության։

ՀՀ ԱԻՆ-ը հրապարակել էր Տուլայի տարածաշրջանում «Դոն» ավտոճանապարհին Մոսկվայից Երևան ժամանող ավտոբուսի վթարի հետևանքով վիրավորների անունները։

Ոստիկանությունը դիտարկում է վթարի երկու վարկած, որոնք կարող էին վթարի պատճառ դառնալ՝ վարորդը քնել է ղեկին և տրանսպորտային միջոցի տեխնիկական անսարքություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել