Երեկ ԱԺ-ն քննարկում էր 2016-ի բյուջեի նախագիծը: Տրամաբանական է, որ հաջորդ տարվա բյուջեի սպասելիքները շատ մեծ չէին լինելու: Վարչապետն իր ելույթում ասաց, որ դրանք թելադրված են այն իրողություններից, որոնց մեջ հայտնվել է համաշխարհային տնտեսությունը։ Կարծում եմ` արդարացի է, որ 2016թ. բյուջեի նախագծի հիմքում դրվել են «իրատեսականության և կայունության դրույթները»։ Ավելի արդյունավետ կլինի սթափ գնահատել իրավիճակն ու տալ պրագմատիկ եզրակացություններ, քան արհեստական և ամպագոռգոռ մտքեր հնչեցնել:
Այս պայմաններում բյուջեն շարունակելու է մնալ հստակ սոցիալական ուղղվածության։ Վարչապետի կարծիքով՝ ողջ տարածաշրջանում հարկաբյուջետային ոլորտի զարգացումները վկայում են, որ գլոբալ կառուցվածքային փոփոխությունների և լարված աշխարհաքաղաքական զարգացումների համատեքսում տնտեսական աճի և հանրային բարեկեցության բոլոր ոլորտներում անմիջական բարելավումներ խոստանալն ամբոխահաճո, սակայն ոչ ազնիվ մոտեցում է։ Հատկապես, որ ի հայտ եկած մարտահարվերները դեռևս նահանջելու հիմքեր չեն տալիս։
Բազմաթիվ հեղինակավոր տնտեսագետներ և միջազգային կառույցներ 2015թ. զարգացումները մեր տարածաշրջանի համար գնահատում են ավելի ծանր, քան 2008-2009թթ. միջազգային ֆինանսական ճգնաժամը։
Չնայած դրան, կառավարությանը հաջողվեց ոչ միայն խուսափել տնտեսական անկումից, ինչպես եղավ համաշխարհային ճգնաժամի առաջին փուլում, այլև աճ ապահովվեց։ Տարեսկզբի ինը ամիսների արդյունքում այն կազմեց 3,6 տոկոս, ինչն առկա մարտահարվերների պայմաններում տարածաշրջանային լավագույն ցուցանիշներից մեկն է, եթե ոչ լավագույնը։
Գլոբալ առումով գործարար միջավայրի համար կարևոր է համարվում հարկաբյուջետային կայունությունը, ինչին կառավարությունն ակնկալում է հասնել նոր հարկային օրենսգրքի ներդրման արդյունքում։