Սիրելի՜ Արտուր: Այսօր քեզ գրում է՝ Արտուրը, արդէն քո անցեալից:
Այո, ես հաշուի եմ առնում, որ նամակը դու կարող ես կարդալ բոլոր տարիքներում նոյնպէս, բայց այն հասցեագրուած է հէնց 48 տարեկան Արտուրին:
Ծնունդդ շնորհավո՜ր, ծերուկ․․․


Ճիշտն ասած, մի քիչ յուզուած եմ: Ես դեռ տակաւին երիտասարդս, առաջին անգամ եմ փորձ կատարում խօսել քո հետ, անցեալից: Նամանավանդ, որ պատրաստւում եմ այս նամակը տեղադրել իմ կենդանի մատեանում(վստահ եմ, որ հիշում ես Լեռնցուն)՝ այն ներկայացնելով և ընկերներիս դատին:

Քսանչորս տարի է, ինչ լոյս աշխարհ եմ եկել անհուն տիեզերքի այս կետում:
Այս քսանչորս տարիներն ինձ թւում են մի ամբողջ կեանք, մեծ փորձութիւններով հարուստ, բայց հո գիտեմ, (լսել եմ իմաստուն մեծերից), որ այն մի թիթեռի կեանքի տեւողութիւն է քո համար:
Էհ, հիմա դու շատ բան գիտես: Շատ աւելի իմաստուն ես:
Ամէն բան նոյնը չէ հաստատ: Հիմա ունես բալիկներ, ունես մի սիրելի կին, որին ես չգիտեմ: Ես նոյնիսկ քո բալիկներին չեմ ճանաչում:
Գիտեմ, որ թախանձագին կարոտում ես ինձ, որը հիմա գրում է այս տողերը, թախիծով հիշում ես խենթ օրերդ: Շա՜տ բան ես հաստատ հիշում:
Ի՞նչ ես ուզում, բարևե՞մ բոլորին ապագայից: Շա՜տ լաւ․․․
- Բարևնե՜ր հարազատնե՜ր, ընկերնե՜ր: Ձեզ բարևում են 2036 թուականից:
Ցանկանում են ուժ, առողջութիւն ու եռանդ: Երբէ՜ք չվհատուեք, ամէն բան լաւ է լինելու: Գնահատեք Ձեր ամէ՜ն մի վայրկեանը, զուր մի վատնեք այն: Սիրեցե՜ք միմեանց:
Սա էիր չէ՞ ուզում ասել: Դէ նամակը շատերն են կարդալու: Այնպէս որ, արխային, բարևներդ տեղ կը հասնեն:

Ծերո՜ւկ, շնորհավորում եմ ծնունդդ: Խօստանում եմ առաջիկայ 24 տարիներն ապրել այնպէ՛ս, որ այս տողերը կարդալիս լինես երջանիկ: Չափսոսա՜ս անցած կեանքիդ և ո՜չ մի ժամ:
Երիտասարդական այն աւիւնը ու ձգտումները որ ունեմ ես, քե՜զ եմ փոխանցում անցեալից: Հէնց այս խե՜նթ կապով: Կարդա՜յ ու հիշիր, տոգորուիր այն ընտիր լաւատեսութեամբ, որ ունեմ ես հիմա: Փոխանցի՜ր այն բոլորին:
Շնորհավո՜ր,ծնունդդ, իմ խենթ բարեկամ:
Այո, այո, դու էլ ինձ ես շնորհավորում: Շնորհակալութիւն:
Դէ՝ բարևնե՜ր Ձեզ 2012 թուականից:
Բարին ու յաջողութիւնն անպակաս լինի բոլորիցդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել