ՄԻԱԿ քարտուղար |
ՖԲ-ում առավել շատ կիրառվող գործիքը, այսպես կոչված, տիրաժավորումն է: Ցավոք, այն ավելի մեծ «մասայականություն» է վայելում հատկապես նեգատիվ, անկումային տրամադրություններ առաջացնող նյութեր տարածելու պարագայում, ինչպես նաև սենսացիաների, տարաբնույթ զազրախոսությունների «հանրայնացման» դեպքում: Դե, սա սկզբունքնորեն նորմալ է և միայն մեր իրականությանը բնորոշ երևույթ չէ.... Ինչպես ասում են, չես ուզում՝ մի կարդա: Սակայն այս առումով ինձ համար այնքան էլ ընդունելի չեն «վաղը իմ ընկերը պատրաստվում է մեկնել երկրից» կամ «էլի մեկը արտագաղթեց» վերտառությամբ «նյուզերի» տիրաժավորումը: Իմ մոտ տպավորություն է, որ մարդիկ ինչ-որ թեզեր են առաջ քաշել և նման կերպ ուզում են հիմնավորել դրանց ճշմարտացիությունը: Անշուշտ, չեմ բացառում նաև խորը ափսոսանքը ուրիշների հետ կիսելու ցանկությունը, սակայն, այնուամենայնիվ, այս կարգի լուրերի մեջ ինչ-որ արհեստական տարրեր, այդուհանդերձ, նշմարվում են: Խնդրում եմ ասածս կոնկրետ դեպքի վրա չպրոյեկտել: