Գաղտնիք չէ, որ ՀՀ տնտեսության համար լուրջ շարժիչ ուժ հանդիսացող ոլորտներից է գյուղատնտեսության ոլորտը: Այս տարի մենք համոզվեցինք դրանում. այն դեպքում, երբ արտաքին տնտեսական շուկայում տիրում էր անկայուն ու ծանր իրավիճակ, գյուղատնտեսության ոլորտը, ի թիվս փոքրաթիվ ոլորտների, կարողացավ դիմակայել ու զգալի ազդեցություն ունենալ ողջ տնտեսության աճի վրա:
Ճիշտ է, գյուղատնտեսության աճի վրա զգալի ազդեցություն ունեցան այս տարվա բարենպաստ եղանակն ու պտուղ-բանջարեղենի ծավալների ավելացումը, սակայն այս ամենի մեջ անտեսել պետության դերն արդարացի չի լինի:
2015-ի պաշտոնական ցուցանիշների համաձայն՝ 2014թ. նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում գյուղատնտեսական և ձկնորսական համախառն արտադրության ծավալն աճել է 11.6% և կազմել 730 մլրդ 157.7 մլն դրամ, իսկ ընդհանուր առմամբ գյուղատնտեսության ճյուղում արտադրությունն աճել է 11.3%-ով՝ հասնելով մինչև 710 մլրդ 403.2 մլն դրամի, այդ թվում՝ բուսաբուծական արտադրանքի ծավալը կազմել է 468 մլրդ 673.4 մլն դրամ՝ 2014թ. առաջին ինն ամիսների համեմատ ավելանալով 15%-ով, իսկ անասնաբուծական արտադրանքինը՝ 241 մլրդ 729.8 մլն դրամ (աճը՝ 4.1%)։ Ձկնորսության ոլորտում գրանցվել է 26% աճ, և արտադրության ծավալը կազմել է 19 մլրդ 754.5 մլն դրամ։
Համամիտ եմ, որ այս տարվա ցուցանիշները, մեղմ ասած, գոհացնող են, սակայն սա ՀՀ-ի ողջ պոտենցիալը չէ:
Բազմիցս լսում ենք, որ մարդիկ բողոքում են ինչ-որ գյուղատնտեսական արտադրանքի լճացումից ու գնանկումից, ինչպես օրինակ այս տարի եղավ խաղողի դեպքում, սակայն եթե ուշադիր լինենք, ապա կտեսնենք, որ նույն ժամանակահատվածում ներքին ու արտաքին շուկաներում կա մեկ այլ պրոդուկտի դիֆիցիտ: Այսինքն՝ ինչ է ստացվում` մարդիկ դինամիկ կերպով սկսում են արտադրել մի պրոդուկտ, որն անցյալ տարում գրանցել է դիֆիցիտ՝ չմտածելով, որ իրենց պես են դատում շատ շատերը:
Բազմաթիվ բիզնեսմեններ իրենց գումարները ներդնում են ավանդական պրոդուկտների արտադրության մեջ՝ չիմանալով, որ մեր բնակլիմայական պայմաններում կարելի է արտադրել միջազգային շուկայում մեծ պահանջարկ վայելող այլ ապրանքներ: Օրինակ՝ Վիետնամական խոզի արտադրությունը, որը շատ հարմար է անտառային ու խոտածածկ տարածքներ ունեցող մարզերում պահելու համար: Վերջինիս կերակրացանկը հիմնականում բաղկացած է բուսատեսակներից, իսկ միսն ունի շատ ցածր կալորիականություն:
Հ.Գ. Ճիշտ է, կա ռիսկայնություն, որ ստանդարտից դուրս պրոդուկտին շուկայում մասսայականություն վայելելու համար երկար ժամանակ կարող է պահանջվել, սակայն արտադրության ճիշտ կազմակերպման, արտադրանքի ճիշտ ներկայացման դեպքում այդ ժամանակահատվածը հնարավոր կլինի հասցնել մինիմումի:
Գյուղատնտեսության արտադրանքը մարդու բնականոն ապրելակերպի անբաժանելի մասն է, քանի որ մարդիկ կարող են մի քանի տարի շարունակ նույն հագուստը կրել, սակայն չսնվել չեն կարող: