Armen-EricyanAraratnews.am-ը գրում է.

ԱԺ-ում շարունակվում է 2016 թվականի պետական բյուջեի նախագծի շուրջ քննարկումները: «Փրկարար ծառայության համակարգի ստորաբաժանումների պահպանում» ծրագրի համար 2016 թվականին պետական բյուջեի նախագծով նախատեսվել է 7 միլիարդ 443 միլիոն դրամ՝ 2015 թվականի 7 միլիարդ 292 միլիոն դրամի փոխարեն: Բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը՝ հավելելով, որ աճը, ըստ այդմ, կազմել է 2.1 տոկոս: «Ավել 151 միլիոն դրամի հիմնական մասը կհատկացվի ոլորտի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացմանը, էլեկտրաէներգիայի թանկացումից հետո էներգետիկ ծախսերը հոգալուն, ինչպես նաև 21 միլիոն դրամով ավելացված տրանսպորտային նյութերի ծախսերը հոգալուն»,- նշեց նա:

Ըստ Սաֆարյանի` հիդրոօթերևութաբանական ծառայության համար նախատեսված է հատկացնել 886 միլիոն դրամ գումար՝ 27 միլիոն դրամով պակաս, քան նախորդ տարի: «Տեխնիկական անվտանգության կանոնակարգման ծառայությունների համար նախատեսվում է տրամադրել 42 միլիոն դրամ: Այս ծրագրի նպատակն է տեխնածին վտանգների կանխարգելումը, վնասների ու ռիսկերի նվազեցումը: Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայությանը կտրամադրվի 302 միլիոն դրամ: Նպատակը կարկտահարությունների ռիսկերի նվազեցումն է»,- ասաց նա՝ հավելելով, որ սեյսմիկ պաշտպանության ծառայությունների համար գալիք տարվա բյուջեից կտրամադրվի 819 միլիոն դրամ: Ֆինանսների նախարարի առաջին տեղակալի խոսքով` ոստիկանությանը 2016 թվականի պետբյուջեից կհատկացվի 39 միլիարդ 558 միլիոն դրամ, ինչը նախորդ տարվա նկատմամբ ավել է 989 միլիոն դրամով:

Նախատեսված գումարը ծախսելու եւ առաջիկա ծրագրերի մասին խոսեց նաեւ ՏԿԱԻՆ նախարար Արմեն Երիցյանը:  ԱԺ-ում հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ Արտակարգ իրավիճակների եւ տարածքային կառավարման նախարար Արմեն Երիցյանը նշեց, որ իրենց թեժ գիծը` 911-ը  բնակիչներից օրական ստանում է շուրջ 6 հազար հեռախոսազանգ: Ըստ Երիցյանի ԱԻՆ զանգահարողները տարբեր հարցեր են ներկայացնում: ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը Երիցյանից հետարքրքվեց, թե մասնավորապես ինչ հարցերով են բնակիչները զանգահարում ԱԻՆ-ի թեժ գծին:

Ի պատասխան Երիցյանը նշեց «Օրինակ զանգահարում եւ ասում են, որ դուռը փակվել է, մնացել ենք տանը: «Կամ 89-ամյա պապիկն է զանգում, ասում՝ եկեք, պամպերս փոխեք..: Կամ եղել է դեպք, որ երեխան զանգահարել եւ ասել է, որ  գան մաթեմատիկայի խնդիրը լուծեն»,-ասաց նա: Նախարարի օրինակները առաջացրեցին ներկաների ծիծաղը:

Արմեն Երիցյանը, պատասխանելով վերելակների անմխիթար վիճակի մասին հարցին, նշեց, որ հանրապետությունում կա շուրջ 5000 վերելակ, որոնց 80%-ն անմխիթար վիճակում է գտնվում: «Բոլոր վերելակները գնացել նայել ենք, պետք է փորձաքննություն անցկացնել, նայել, քննարկել, տեսել ինչ պետք է արվի»,-ասաց նախարարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել