Ավետի խոսքն իր Միակին, 
ես էլ նրա Խոսքն ուղղում եմ Իմ Միակին,։)))

Հին ու անկարգ. մեծ Քաոսից, 
քարանձավի խամրած պատին փորագրված մեծ 
էպոսից, 
հազար ու մի ձմեռ ապրած գարուն սպասող իմ
կարոտից,
խոսքերի վառ հոսքերի մեջ իր տեղն ու դերն անվերջ փնտրող 
հազարախոս լռությունից,
խավարներում հուսալքված իմ մարդամոտ մենությունից ,
սիրո համար միշտ աղոթող
Սիրո ծարավ իմ շուրթերից, 
հոգու վանքում վաղուց վառած խնկապահանջ իմ կրակից 
իմ պես Սիրուն հավատացող, մեկին փնտրող, 
ԼՈՒՍԱՎՈՐՈՆ, զանգակատուն դարձած սրտից, 
Տարիներով երգված, հերկված, ցորենի ծիլ տենչող արտից,
Երկինքն անգամ իր մեջ պահող, կապույտ ու աստղազարդ հողից,
Շողից, 
որ Արևից պոկված, մթում արևը հիշողից չի բաժանվում, հրաժարվում, 
Տողից,
որ գիշերով գրված, լուսաբացին կարդացողից անձայն խնդրում է.
« ինձ Հիշի՜ր»,
Այս ամենից, այս ամենից, այս ամենից 
իմ աղոթքի վերջում հնչող Աստծո փեշին հազիվ հասած լուռ «Ամեն»-ից 
Ծնվել ես Դու՝ անթև մարդու մխիթարանք ու մեծ սփոփանք առ այն, 
որ Ամենայն սիրով առատ, այս անհրաշք դարում կիսատ 
դեռ կա Հեքիաթ։ 
Բանաստեղծ ՝ Ավետ Բարսեղյան, 
Լուսանկարիչ՝ Nazeni Hovhannisyan 
Լուսանկարն արված է Երևանում՝ աշնանային ակնթարթի Հավերժացմամբ...։)) 
Աբովյան փողոց. 2015թ. Նոյեմբեր

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել