Հայաստանում բոլորն իրենց տեղերը խառնել են, ամեն ինչ խառնվել է և, ինչպես ժողովուրդը կասեր, «շունը տիրոջը չի ճանաչում»... Այսօր մի տեղ աչքովս ընկավ, որ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ինչ-որ նոր հաղորդաշար է վարելու Հանրայինի եթերում... Անկեղծ ասած՝ ինձ միշտ ասել են, որ ամեն մարդ պետք է զբաղվի իր գործով: Այսինքն, քաղաքական գործիչը՝ քաղաքականությամբ, նախարարը՝ իրեն վստահված ոլորտով, ֆուտբոլիստը՝ ֆուտբոլով, հաղորդավարը՝ իր պարտականություններով և այլն... Հիմա զարմանքս ո՞րն է... Արդյո՞ք Հանրայինում չկա հաղորդավար, որը կարող է վարել տվյալ հաղորդումը: Թե՞ Հանրայինն այսպես պետք է շարունակի հլու և հնազանդ ենթարկվել տարբեր կառույցներին, անհատներին, վերջիններիս քմահաճույքներին և ճնշումներին... Ամենահարգված ու լավ բանը՝ սեփականը գնահատելու, ինքնուրույն մնալու, ամեն քամու հետ նույն քամու ուղղությամբ չշրջվելու կարողությունն է... Կարծում եմ՝ Էրիկ Անթառանյանը ոչ պակաս (եթե ոչ շատ ավելի հաջողված) կարող էր վարել այդ հաղորդումը: Իսկ եթե Հանրայինն Աշոտյանին իրավունք է տվել հաղորդում վարել Հայաստանի առաջին հեռուստաալիքով, եթե նախարարը նման իրավասություն արդեն ունի, ապա միգուցե իմ լավ ընկերոջն ու բարեկամին՝ Էրիկ Անթառանյանին էլ առանց որևէ արգելքի կարգենք նախարար և ԱԺ պատգամավո՞ր... Մտածի՛ր, ով հայ ժողովուրդ... Միգուցե մենք է՞լ սկսենք խառնել ամեն ինչի ու ամեն մեկի տեղերը, որ մենք էլ կարողանանք ապրել այս կյանքում՝ մարդավայել...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել