Tert.am-ը գրում է.
«Իսլամական պետություն» խմբավորմանն առնչվող ռազմական խմբավորումը Եգիպտոսում ստանձնել է Սինայի թերակղզում ռուսական Airbus-321 ուղևորատար ինքնաթիռի կործանման պատասխանատվությունը:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը` այս մասին տեղեկությունը տարածել է ռազմական խմբավորումը Twitter-ի աղբյուրների միջոցով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Եգիպտոսի անվտանգության ծառայությունը հաղորդել էր, որ օդանավի վթարի հիմնական պատճառ է դիտարկվում տեխնիկական անսարքությունը: Այդ մասին էր վկայում նաև օդանավի կործանումից առաջ օդաչուի` արտակարգ վայրէջք կատարելու խնդրանքը եգիպտական Էլ-Արիշ քաղաքում: Վերջինս ևս նշել էր, որ օդանավում «տեխնիկական խնդիր» է ծագել, և ինքը պետք է իջեցնի օդանավը:
ԻՊ-ի կողմից իրականացված հարձակման մասին լուրը հաստատում է նաև ահաբեկչական խմբավորման համար լրատվական գործակալություն հանդիսացող Aamaq կայքը:
««Իսլամական պետության» զինյալներին հաջողվել է կործանել 220 ռուս խաչակիրների տեղափոխող ռուսական օդանավը Սինայում: Նրանք բոլորը սպանվել են, շնորհակալություն Ալլահին», - աղբյուրի հաղորդմամբ` ասվում է Twitter-ի հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Շարմ էլ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող «Когалымавиа» ավիաընկերության Airbus 321 ինքնաթիռը, որում եղել է 217 ուղևոր և 7 հոգանոց անձնակազմը, անհետացել է ռադարներից թռիչքից 23 րոպե անց:
Օդանավի կործանման վերաբերյալ բոլոր տեղեկություններին կարող եք ծանոթանալ՝այստեղ։
Հաղորդվեց, որ վթարի վայրում հայտնաբերվել են օդանավի «սև արկղերը», որոնք վերծանվելու են Ռուսաստանում:
Նշվեց, որ տեխնիկական անսարքության տարբերակը դիտարկվում է որպես «Կոգալիմավիա» А-321 օդանավի վթարման հիմնական պատճառ: Այս մասին Интерфакс-ին տեղեկացրել էր իրավիճակին ծանոթ աղբյուրը:
«Առաջնահերթության կարգով դեռ քննարկվում է ինքնաթիռի տեխնիկական անսարքության վարկածը»,-ասել էր գործակալության աղբյուրը ու նշել, որ դիտարկվում են նաև կատարվածի այլ պատճառների վարկածներ, այդ թվում` մարդկային գործոնը և անբարենպաստ դիրքը` պայմանավորված տեղանքի բարդ լեռնային ռելիեֆով:
Հիշեցնենք նաև, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 1-ը սգո օր է հայտարարել։
Ուղևորների ցուցակում նշվում է նաև հայկական ազգանունով մեկ տղամարդու անուն` Լ. Մնացականով:



