ՀՀ կրթության և գիտության նախարար

Հարգելի տիկին Բադալյան:

Վերադարձա ընտանիք և տանն ընթերցեցի Ձեր բաց նամակը:

Նախ, շնորհակալ եմ բաց նամակի համար: Ձեր գրառման շուրջ ծավալված քննարկումները ապացույցն են այն բանի, որ դասագրքերի խնդիրը դեռևս արդիական է ու ցավոտ: 

Ես ընդունում եմ Ձեր դժգոհությունը, թեպետ ավելի լավ կլիներ, եթե հստակ նշեիք` դասարան, առարկա, հեղինակ:

Եվ այսպես, ՀՀ դպրոցներում օգտագործվում է շուրջ 220 անուն գիրք, որոնիցից 15-20-ը, որ դառնում են քննադատության և քննարկումների առարկա: Այս տեղեկատվական նոթից հետո թույլ տվեք անկեղծանալ, միաժամանակ, խնդրում եմ, պատրաստ եղեք ինձ հետ միասին կրել այս անկեղծության ռիսկերը:

Խորհրդային Միության ժամանակ ԲՈԼՈՐ դասագրքերը մշակվում էին հատուկ գիտահետազոտաական ինստիտուտներում, փորձարկվում հատուկ նորարարական դպրոցներում, ստանում Մոսկվայի համաձայնությունը և նոր դրվում շրջանառության մեջ:

Հիմա բացահայտեմ Ձեզ համար Պոլիշինելի գաղտնիքը` անկախ Հայաստանի պատմության մեջ մենք այդպես էլ չձևավորեցինք դասագրքաստեղծ ավանդույթներ: 

Դասագրքերի զգալի մասը չափից ավելի գիտականացված է, ծանրաբեռնված դժվարամարս և հաճախ արհեստածին բառային նորաստեղծություններով: 

Հայտարարվող մրցույթներին մասնակցում են միևնույն հեղինակները, նույն գրքերով: 

Հավաստիացնում եմ Ձեզ, վերջին տարիներին չի եղել և ոչ մի լավ գիրք, որ չի անցել մրցույթը: Ընտրել ենք միշտ նրանից, ինչ ունենք:

Դասագրքերի հեղինակները պատկառելի գիտնականներ են, պրոֆեսորներ, երբեմն նաև ակադեմիկոսներ, որոնց հեղինակության ուժը բավականին բարձր է: 

Վերջին շրջանում գնում ենք նաև այլ ճանապարհով: Փորձում ենք Հայաստանում գործածել նաև արտերկրում ստեղծված լավագույն դասագրքերը մի շարք առարկաների գծով, ինչի համար, ի դեպ, արժանանում ենք բուռն քննադատությանը հայրենի գիտական վերնախավի կողմից:

Հավատացնում եմ Ձեզ, իմ նյարդերն էլ պարբերաբար չեն դիմանում, բայց դե, ինչպես Մարկ Տվենն էր ասում, ուժ եմ խնդրում՝ փոխելու այն, ինչ կարող եմ, համբերություն` համակերպվելու նրա հետ, ինչ դեռ չեմ կարող փոխել, և իմաստություն` տարբերել առաջինը երկրորդից:
Հարգանքով`
Արմեն Աշոտյան

Հ.Գ. Կոչ մեր հարգելի գիտնականներին և հեղինակներին` մեր երեխաների համար գրեք ԼԱՎ գրքեր:
Հ.Գ.2. Ներողամտությունն եմ հայցում այն հեղինակների, որոնց դասագրքերին քննադատությունս չէր վերաբերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել