Tert.am-ը գրում է.
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի գնահատմամբ՝ պատասխանատու և կարևոր փուլում են գտնվում ամբողջ քաղաքական դաշտը և քաղաքացիները, ովքեր դեկտեմբերի 6-ին պետք է իրենց քվեարկությամբ գնահատական տան սահմանադրական փոփոխություններին:
«Սահմանադրության նոր նախագիծն էականորեն կարող է դրական փոփոխություններ բերել մեր պետության կառավարման գործում, պետության և քաղաքացու միջև լիարժեք իրավահարաբերություններ ապահովվելու, պետության ներքին և արտաքին կայուն զարգացումներն ապահովվելու հարցում»,- լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց Արտակ Զաքարյանը:
Նրա խոսքով՝ այս սահմանադրությունն իր քննարկումներով և բոլոր առաջարկություններով հանդերձ այս փուլի համար լիիրավ համապատասխանում է Հայաստանի Հանրապետության առջև ծառացած ներքին և արտաքին պրոբլեմներին:
«Ունեինք դժգոհություններ, և շարունակաբար ասվում էր, որ այդ դժգոհությունների լուծման ճանապարհներից մեկը համակարգային փոփոխություններն են, և այսօր իշխանությունը ՀՀ նախագահի գլխավորությամբ առաջարկում է համակարգային փոփոխությունների իր տարբերակը: Այս տարբերակը բերում է կառավարման ձևի փոփոխություն և Ազգային ժողովին դարձնում է իրական ներկայացուցչական մարմին, կուսակցություններին հնարավորություն է տալիս դասական իմաստով կայանալ և զարգանալ որպես քաղաքական միտք արտադրողներ, ոչ թե քաղաքական խմբավորումներ: Մարդիկ հնարավորություն են ունենալու իրենց խնդիրները, շահերը և հետաքրքրությունները կապել այս կամ այն քաղաքական ուժի հետ»,- նկատեց պատգամավորը:
Նա ասաց նաև, որ այս սահմանադրությունը շատ հարցերի պատասխանը տալիս է կառավարման համակարգում, թեև, ըստ Արտակ Զաքարյանի՝ խորհրդարանական կառավարման ձևն ունի իր յուրահատկությունները, բայց ժողովրդավարությանը մոտ կանգնած լավագույն ձևն ամբողջ աշխարհում մնում է խորհրդարանական կառավարման մոդելը:
«Մեր ընդդիմախոսները հաճախ մատնանշում են անվտանգության հարցերում որոշումներ կայացնելու հարցը, Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման փուլերում նոր կառավարման ձևն ինչպես կարող է իրեն դրսևորել, պետք է ասեմ, որ անկախ ամեն ինչից, գոյություն ունեն խնդիրներ, որոնք հասարակության համար առաջնային են և քաղաքական ուժերի համար բերում են միայն կոնսենսուսային մոտեցում»,- հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավորը՝ հավելելով, որ անվտանգության խնդիրներում Հայաստանը բավական զգայուն է, և այդ խնդիրը մնալու է քաղաքական օրակարգում, իսկ եթե խնդիրը քաղաքական օրակարգում է, ապա կապ չունի, թե որ ինստիտուտն է դրանով զբաղվում:
Շարունակելով խոսել սահմանադրական փոփոխությունների մասին, Արտակ Զաքարյանն ասաց, որ միշտ էլ բարեփոխումներ իրականացնող քաղաքական ուժերից բոլոր հասարակությունները դժգոհ են լինում: Այդուհանդերձ, ըստ նրա, սոցիալական առումով քաղաքացին լինելու է ավելի պաշտպանված, քաղաքական և տնտեսական խնդիրների լուծման համար լինելու է այնպիսի խորհրդարան, որը կայուն մեծամասնության պարագայում ունենալու է վերահսկողություն իրականացնելու բոլոր անհրաժեշտ մեխանիզմները:
Արտակ Զաքարյանն ասաց, որ շտաբերը նույնպես բավական մեծ անելիք ունեն մարդկանց տեղեկացնելու հարցում՝ միաժամանակ նշելով, որ յուրաքանչյուր քաղաքացի պետք է գոնե բովանդակային առումով իր համար որոշում կայացնի:



