Tert.am-ը գրում է.
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն իր խորին ցավակցությունն է հայտնել Եգիպտոսի օդային տարածքում կործանված ռուսական քաղաքացիական օդանավում եղած ուղևորների հարազատներին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
LifeNews-ը հրապարակել է Եգիպտոսում կործանված ռուսական ինքնաթիռի ուղևորների անունները։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ ցանկում հայկական ազգանվամբ (Լ. Մնացականով) ուղևոր է եղել։ Ցանկը՝ այստեղ։
Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, նախագահն արդեն հանձնարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին Airbus 321 օդանավի կործանման փաստով պետական հանձնաժողով ստեղծել։
Նախագահը հանձնարարել է նաև ԱԻՆ ղեկավար Վլադիմիր Պուչկովին նախարարության օդանավերն ուղարկել ավիաաղետի վայր:
Նշվում է նաև, որ երկրի նախագահը ՌԴ Արտակարգ իրավիճակների և Առողջապահության նախարարությունների ղեկավարությանը հանձնարարել է անհապաղ կազմակերպել ավիաաղետի հետևանքով զոհվածների հարազատներին օգնության տրամադրման գործընթացը։
Reuters գործակալությունը հայտնում է, որ ինքնաթիռի բեկորների տակից տեղ են հասնում ողջ մնացած ուղևորների ձայները։ Այժմ եգիպտոսցի փրկարարներն աշխատում են դեպքի վայրում` փորձելով գտնել ու դուրս բերել փրկվածներին, որոնց ձայները լսվում են ներսից:
Հիշեցնենք, որ Շարմ էլ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող Airbus 321 ինքնաթիռը, որում եղել է 217 ուղևոր և 7 հոգանոց անձնակազմը, անհետացել է ռադարներից թռիչքից 23 րոպե անց:
Ըստ տվյալների՝ օդաչուն խնդրել է դիսպետչերներից տեխնիկական խնդիրների պատճառով շեղվել նախանշված ուղուց ու վայրէջք կատարել Կահիրեում: Դրանից հետո ինքնաթիռի հետ կապն ընդհատվել է:



