Araratnews.am-ը գրում է.
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, երեկ Երևանի կենդանաբանական այգում Զևս անունով առյուծը վնասել էր իրեն խնամողի ձեռքը: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ դեպքը տեղի է ունեցել աշխատակցի անուշադրության պատճառով, երբ վերջինս հատել է առյուծներին մոտենալու անթույլատրելի սահմանը` խախտելով գիշատիչների հետ աշխատանքի անվտանգության կանոնակարգը: Իսկ թե համապատասխան պատվաստումներ ստացե՞լ է առյուծը, թե՞ ոչ, եւ մասնավորապես կատաղության դեմ պատվաստումն ինչ հաճախականությամբ է արվում՝ փորձեցինք պարզել կենդանաբանական այգու գլխավոր կենդանաբույժ Հարություն Հովհաննիսյանից:
«Երևանի կենդանաբանական այգու Զևս անունով առյուծը պատվաստված է եղել կատվազգիների բոլոր հիվանդությունների՝ այդ թվում կատաղության դեմ: Կենդանիները մինչև 1-2 տարեկան իրենց պատվաստումներն ստանում են, դրանից հետո իրենց իմունիտետն ունեն եւ այլեւս չեն հիվանդանում»,- մեզ հետ զրույցում նշեց Հարություն Հովհաննիսյանը:
Ինչ վերաբերում է հենց «Կատաղություն» հիվանդությանը, ապա այն Հայաստանում գրեթե չկա, չկա նաեւ փոխանցման մեխանիզմ. «Որպեսզի կենդանիները կատաղություն հիվանդությամբ հիվանդանան, հիվանդ կենդանի պետք է գա նրանց կծի, իսկ դա գործնականում բացառվում է»:
Հիշեցրեց՝ կատաղությունը վիրուսային հիվանդություն է, որը հանդիպում է հիմնականում գիշատիչ կենդանիների մոտ: Հայաստանում կարող է գրանցվել 2-3 տարին մեկ անգամ՝ այն էլ Վրաստանի սահմանի մոտ:
Գլխավոր կենդանաբույժը հավաստիացրեց՝ Զևս անունով առյուծը որևէ հիվանդությամբ վարակված չի եւ հետևաբար տուժածին ոչ մի տեսակի հիվանդություն չի կարող փոխանցել: