Բազմիցս ականատես ենք լինում նրան, որ մեր հարևան Ադրբեջանի նախագահը, խոսելով իր երկրի տնտեսության մասին, ներկայացնում է, որ իրենց մոտ ամեն ինչ փայլուն է, սակայն դա այդքան էլ այդպես չէ: Ճիշտ է՝ նախորդ տարվա 3-րդ եռամսյակի համեմատ տնտեսությունը գրանցել է 3,7% աճ, սակայն այլ ցուցանիշների առումով լուրջ հետընթաց է գրանցվել: Նախ և առաջ վիճակը մխիթարական չէ արտահանման ոլորտում: Այս երկրի Պետական մաքսային կոմիտեի տվյալների համաձայն՝ հունվար-սեպտեմբեր ամիսների կտրվածքով արտաքին առևտրաշրջանառության ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել են 35,7%-ով, ընդ որում, արտահանումը նվազել է 50,5%-ով:

Ինչ վերաբերվում է ներմուծմանը, ապա այն աճել է ընդամենը 0,87%-ով, ընդ որում ներմուծման աճի տեմպերը նույնպես նվազում են վերջին ամիսների ընթացքում՝ այսպես, հունվար-օգոստոսին ներմուծման աճը կազմել է 5,09%, սա խոսում է բնակչության եկամուտների նվազման մասին: Սեպտեմբեր ամսին առևտրական սալդոն եղել է բացասական և կազմել է 93 մլն դոլար: Վերջին 10 տարիների ընթացում բացասական սալդո 3 անգամ է եղել, երեքն էլ այս տարվա ընթացքում: Հասկանալի է, որ Ադրբեջանի արտահանման ծավալների գրեթե կրկնակի նվազումը պայմանավորված է եղել հում նավթի և նավթամթերքների արտահանման կրճատմամբ:

Հարկ է նշել, որ դեռևս Ադրբեջանի արտահանման կառուցվածքում նավթի մասնաբաժինը կազմում է մոտ 78,1%: Նվազել է ոչ միայն նավթի, նավթամթերքների և բնական գազի, այլ նաև այլ ապրանքների՝ թեյի, ալկոհոլային խմիչքների, սև մետալուրգիայի արտադրանքների, կաշվի արտահանումը: Նույնիսկ մանաթի դևալվացիան չբերեց դրական արդյունքների, և ոչ նավթային սեկտորի արտահանման ծավալներն այս ընթացքում աճ չեն գրանցել: Նավթային պետական հիմնադրամի եկամուտները նվազել են 2,5 անգամ, և վերջինիցս փոխանցումների կրճատման և հարկային ու մաքսային եկամուտների նվազման արդյունքում օգոստոս ամսվա դրությամբ նվազել են նաև պետական բյուջեի եկամուտները 14%-ով: Իսկ բյուջեի ծախսերը նվազել են 6%-ով: Սեպտեմբերի և հոկտեմբերի դրությամբ բյուջեի եկամուտների և ծախսերի կրճատումն ավելի մեծ կլինեն:

Ադրբեջանի կենտրոնական դրամատան արտարժութային պահուստները նույնպես արագորեն նվազում են՝ հոկտեմբերի դրությամբ պահուստները կազմել են 7 մլրդ դոլար: Այն դեպքում, երբ այս տարվա հունվարին այն կազմել է 13,7 մլրդ դոլար, այսինքն՝ այս տարվա ընթացքում պահուստները նվազել են 6,7 մլրդ դոլարով կամ 49%-ով: Հնարավոր է մանաթի նոր դևալվացիա:

Ադրբեջանի ԱՎԾ-ի հրապարակած տվյալների համաձայն՝ այնտեղ հաստատվել է 3,8% գնաճ, սակայն փորձագետները խոսում են ամենաքիչը 7-8% գնաճի մասին: Ֆինանսական և բանկային համակարգում լուրջ խնդիրներ են կուտակվել: Ադրբեջանական մամուլն արդեն գրել է ֆինանսական սեկտորում մի քանի հազար ծառայողների մասսայական կրճատումների մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել