Գիշերվա լռության մեջ բոլոր չլսված ձայները կարող ես լսել: Լսվում է՝ ոնց է հազում ներքևի բնակարանի իտալացին, որին ես Բեռնարդո եմ ասում, բայց հնարավոր է, որ Ջուզեպե է և, ամենայն հավանականությամբ, իտալերեն խոսքեր մրմնջում: Կողքի բնակարանից լսվում է երեխայի թնկթնկոցը և մոր հոգատար երգից պատառիկներ: Փողոցից մեկ-մեկ ներս է թափանցում գիշերային դատարկությունով սլացող որևէ մեքենայի խելագար ընթացքը: Քաղաքն ու մարդիկ քուն են մտնում: Ու այս գիշերային հովվերգությունը աստիճանաբար ընդհատվում է, երբ վերևի բնակարանից սկսում է ականջովս ընկնել մահճակալի ռիթմիկ ճռճռոց: Ինքնաբերաբար հիշում եմ, որ այնտեղ երիտասարդ ամուսիններ են բնակվում իրենց փոքրիկի հետ: Մտքումս բարի ժամանց եմ մաղթում երիտասարդ հանրությանն ու սկսում քնելուս գործընթացը: Անցնում են րոպեներ, արդեն գրեթե քնած եմ, երբ արթնանում եմ մահճակալի արդեն համեստ ռիթմիկ ճռճռոցին փոխարինելու եկած բարկացկոտ դմբդմբոցին: Հետ եմ վերցնում բարի ժամանց մաղթանքս, ականջներս պինդ փակում, վերմակով էլ ամուր փաթաթում գլուխս և փորձում քնել: Մահճակալի ձայնը փորձառու որսորդի նման սկսում է հետապնդել ինձ: Անցնում են լարված րոպեներ, քունս վերջնականապես փախչում, երբ կատարվում է անսպասելին… Երիտասարդ ամուսինների խրախճանքը միանգամից ընդհատվում է նրանց աղջնակի սուր լացի ձայնով: Ինչպիսի անակնկալ, բոլոր ճռճռոցները միանգամից ընդհատվում են, թեթև ոտնաձայներ եմ լսում և երեխայի թնկթնկոցի վերածվող լացը: Դեմքիս չարախինդ ժպիտ է հայտնվում, երանությամբ մի կողմ եմ նետում վերմակը, ականջներիցս հանում եմ երևակայական բամբակները, այս անգամ բարի ժամանց եմ մաղթում թնկթնկացող փոքրիկին և քայլում դեպի Մորփեոսի գիրկը: