Այս տարի գյուղատնտեսական ոլորտն աչքի է ընկել բարձր բերքատվությամբ՝ գերազանցելով մարդկանց սպասումները: Սակայն ոչ բոլոր հողագործներին է հաջողվել օգտվել բնության ընձեռած բարիքներից: Խոսքը մասնավորապես վերաբերում է Տավուշի մարզի սահմանամերձ Այգեհովիտ համայնքի այն բնակիչներին, ովքեր հակառակորդի կողմից հրադադարի հաճախակի խախտումների պատճառով չեն կարողացել հավաքել իրենց բերքը:
Այգեհովիտ գյուղում շուրջ 15 օր է՝ ավարտվել է խաղողի բերքահավաքը, բացառությամբ 46 տնտեսությունների, քանի որ հակառակորդի կրակահերթերի պատճառով այդպես էլ հնարավոր չեղավ իրականացնել բերքահավաքը: Այդ 46 տնտեսությունները կանգնել են գոյություն ունենալու լուրջ խնդրի առաջ, և այս տեսանկյունից նրանց համար կարևոր է պետության աջակցությունը:
Կատարված հաշվարկները ցույց են տալիս, որ նշված բնակիչների խաղողի 22.62 հա այգետարածքների ընդհանուր վնասը կազմում է 16100.0 հազար դրամ. 115 տոննա խաղողի բերքը հաշվարկված է 140 դրամ մթերման գնով:
Հարկ է նշել, որ պետության կողմից Այգեհովիտի բնակիչներին աջակցելու համապատասխան քայլերը չուշացան, և այսօր արդեն գործադիրը որոշում է ընդունել պահուստային ֆոնդից ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Այգեհովիտ համայնքին հատկացնել 161.000 հազար դրամ գումար: Կարևորելով ընդունված որոշումը՝ վարչապետը նշել է, որ սահմանապահ համայնքները գործադիրի ուշադրության կենտրոնում են:
Խաղողագործներին հատկացված այս գումարը, թերևս, հնարավորություն կտա խաղողագործներին փոխհատուցել իրենց կրած վնասները և չհուսահատվել: