ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը համարում է, որ երկրում մահապատիժը կիրառվում է չափազանց հաճախ, և հանդես է եկել այն սահմանափակելու օգտին: Այդ մասին նա հայտնել է չորեքշաբթի՝ Մանչեսթեր քաղաքում իր կողմնակիցների հետ հանդիպմանը: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
«Դաշնային կառավարությունը պետք է լրջորեն վերանայի պատժի այդ տեսակը»,- նշել է Քլինթոնը՝ հավելելով, որ նա դեմ է մահապատժի ամբողջական արգելքին, սակայն համարում է, որ դա պետք է կիրառվի «ծայրահեղ սահմանափակ և հազվադեպ»:
Ներկայումս մահապատիժը թույլատրված է ԱՄՆ 31 նահանգներում: Այս տարվա ապրիլի տվյալներով՝ երկրում մահապատժի է սպասում 3002 մարդ: 1976 թվականից հետո, երբ կրկին թույլատրվել է պատժի այդ միջոցը, ԱՄՆ-ում մինչև այս տարվա սեպտեմբեր մահապատժի է ենթարկվել 1414 մարդ: Դրա իրականացման հիմնական մեթոդը մահացու ներարկումն է:



