Հունաստանի Հալկիդիկի թերակղզում գտնվող Պորտո Կարաս ծովափնյա գունագեղ ու գեղեցիկ փոքրիկ քաղաքում հոկտեմբերի 25-ին մեկնարկել է 8-18 տարեկան աղջիկների և տղաների շախմատի աշխարհի առաջնությունը: 
Տարիքային 6 խմբերի՝ մինչև 8՝ Մ8, Մ10, Մ12, Մ14, Մ16 և Մ18 մրցաշարերին մասնակցում են ընդհանուր առմամբ 92 երկրի 1578 մարզիկներ, այդ թվում՝ 960 շախմատիստ ու 618 շախմատիստուհի: Կարևորագույն այս ստուգատեսին ՀՀ պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ, շախմատի համաշխարհային օլիմպիադաների կրկնակի չեմպիոն, գրոսմայստեր Արտաշես Մինասյանի ղեկավարությամբ տարբեր տարիքային խմբերում հանդես են գալիս Հայաստանի 27 պատվիրակներ՝ 19 շախմատիստ և 8 շախմատիստուհի:
Երեկ կայացած 4-րդ տուրում ՀՀ ներկայացուցիչները ընդհանուր առմամբ 12 հաղթանակ տարան, 5 ոչ-ոքի խաղացին և 10 պարտություն կրեցին: 
Մինչև 12 տարեկան աղջիկների մրցաշարում իր հաղթարշավն է շարունակում 60 երկրի 120 մասնակիցների մեջ անհատական 54–րդ վարկանիշն (1590) ունեցող Մանե Հովհաննիսյանը, ով Հյաստանի պատվիրակներից այժմ միակ է, որ ընթանում է առանց միավորի կորստի: Նա երեկ 4 անընդմեջ հաղթանակ է տոնեց ու ստանձնեց այս խմբի առաջատարի դերը: Մանեն սևերով պատրտության մատնեց իրեն անհատական ընթացիկ վարկանիշով 251 կետով գերազանցող Ղազախստանի ներկայացուցիչ Նազերկե Նուրգալիին: Անցկացրած 4 հանդիպումներից հետո Մանեն արդեն 88 կետով բարալավել է իր ընթացիկ անհատական վարկանիշը: Ի դեպ, այս տարիքային խմբում Շվեյցարիան ներկայացնող 11-ամյա Գոհար Թամրազյանը 2,5 միավորով առայժմ ընթնաում է 45-րդ տեղում: 
Իսկ ահա սփյուքահայ շախմատիստներից շարունակում է առավել հաջողը հանդես գալ Մ10 աղջիկների խմբի մրցաշարի մասնակից ռուսաստանցի Եվա Սետեփանյանը, ով իր ակտիվում գրանցած 3,5 միավորով 4-10-րդ տեղերը բաժանողների խմբում է:
Հայաստանի ներկայացուցիչներից պատանիների մրցաշարում առայժմ առավել հաջող են հանդես գալիս Մամիկոն Ղարիբյանն (Մ12) ու Ռոբերտ Փիլիպոսյանը (Մ8), ովքեր 3,5-ական միավոր են վաստակել ու առաջատարների խմբում են գտնվում: Իսկ ահա 3 անընդնմեջ հաղթանակ տարած մինչև 12 տարեկանների 2013թ. աշխարհի չեմպիոն Արամ Հակոբյանը (Մ14) երեկ անհաջողության մատնվեց: Նա սևերով զիջեց իրեն ընթացիկ վարկանիշով շուրջ 100 կետով գերազանցող ռուսաստանցի Անդրեյ Եսիպենկոյին:
Այսօր կկայանան հերթական՝ 5-րդ տուրի հանդիպումները: 
Շվեյցարական մրցակարգով՝ 11 տուրով ընթացող այս ստուգատեսում աշխարհի չեմպիոնները հայտնի կդառնան նոյեմբերի 5-ին: Նկատենք նաև, որ հոկտեմբերի 30-ին առաջնությունում հանգստյան օր է: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել