Չնայած նորաձևության ինդուստրիայի զարգացմանը՝ ավելի ու ավելի շատ ժողովրդականություն է սկսում վայելել այսպես կոչված «կապսուլային զգեստապահարանը». զգեստապահարան, որտեղ առկա են 10-15 հիմնական իրեր։ Եվ հաճախ այսպիսի զգեստապահարան ունեն ամենահարուստ ու հաջողակ մարդիկ։ Ինչո՞ւ...

♦ Քիչ որոշումներ։ Որքան շատ որոշումներ ես ստիպված լինում կայացնել, այնքան դրանց որակն ընկնում է: Այս կարծիքին է ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը: Նա համոզված է, որ եթե օրվա ընթացքում կայացվող որոշումների ցանկից հանես թեկուզ ամենաաննշանը՝ առավոտյան ինչ հագնելու որոշումը, գլխում ավելի շատ տեղ կազատվի այլ մտքերի և գաղափարների համար:
♦ Ժամանակի քիչ կորուստ։ Մենք նույնիսկ չենք պատկերացնում՝ որքան ժամանակ է ծախսվում հագուստի ընտրության վրա: Հինգ տարի առաջ Մոսկվայում փորձարկում անցկացվեց, որի անունն էր «333». 3 ամսվա ընթացքում մասնակիցները պետք է կրեին միայն 33 հագուստ: 3 ամիս անց նրանք խոստովանեցին, որ խնայում էին բավականին ժամանակ և չէին ուշանում աշխատանքից, որովհետև չէին մտածում, թե ինչ հագնել այդ օրը:
♦ Քիչ սթրես։ «Կապսուլային զգեստապահարանին» հետևելով՝ ավելի քիչ ես անհանգստանում հագուստի մասին։ Այլևս չես մտածում՝ այս հագուստս տեղի՞ն է, թե՞ ոչ, շատ պաշտոնական չէ՞, շատ բաց չէ՞: Միևնույն հագուստն ազատում է նմանատիպ մտքերից և դրանցից առաջացած սթրեսսից:
♦ Էներգիայի խնայում։ Ռեժիսեր Կրիստոֆեր Նոլանը պնդում է, որ զգեստապահարանը դասավորելու, հագուստները լվանալու, չորացնելու, արդուկելու վրա շատ էներգիա է ծախսվում, եթե դու քիչ հագուստ ունես, խնայում ես այդ էներգիան: Իսկ հաջողակ մարդկանց այդ էներգիա շատ է պետք:
♦ Քիչ, բայց որակյալ: Մեծ զգեստապահարան ունենալը դեռ չի նշանակում, որ դու կրում ես այնտեղ եղած բոլոր հագուստները, մեկը քեզ դուր չի գալիս, մյուսի հետ համապատասխան կոշիկ չունես, մեկն էլ նորաձև չէ և այլն: Քիչ հագուստի դեպքում դրանցից յուրաքանչյուրը կարևոր է և իդեալական քեզ համար:
♦ Հեղինակություն: Գրող Էլիս Գրիգորին վստահ է, որ անընդհատ նույն բանը հագնելը էժան և հեշտ տարբերակ է հայտնի դառնալու, բացի այդ՝ տպավորություն է ստեղծվում, թե այդ մարդը հասուն է, հուսալի և ճիշտ արժեքային համակարգով:
♦Քիչ ծախս: Անկեղծորեն խոստովանեք՝ քանի՞ հագուստ ու աքսեսուարներ կան Ձեր զգեստապահարանում, որ Դուք նույնիսկ չեք կրել։ Իսկ հիմա եկեք հաշվենք, թե որքան ավելորդ ծախսեր եք Ձեզ թույլ տվել։



