Tert.am-ը գրում է.
Հայաստանը ևս 18 երկրների հետ ընդգրկվել է ազատ համացանց ունեցող երկրների շարքում՝ Freedom House կազմակերպության հրապարակած համացանցի ազատության վերաբերյալ զեկույցի համաձայն։
Հետխորհրդային պետություններից ազատ համացանց ունեցող երկրների թվում է նաև Վրաստանը։
Freedom House-ը չափել է համացանցի և թվային մեդիաների ազատությունը 65 երկրում։
Հայաստանը, ինչպես և անցած տարի, 28 միավոր է հավաքել համացանցի ազատության սանդղակում: Յուրաքանչյուր երկիր ստացել է 0-ից (ամենաազատ) մինչև 100 (ամենաքիչ ազատ) թվային միավորը, որը որպես հիմք է ծառայել ազատ (0-30 միավոր), մասամբ ազատ (31-60 միավոր) և ոչ ազատ (61-100 միավոր) կարգավիճակներ տալու համար։
Համացանցի ազատության սանդղակում Վրաստանը հավաքել է 24 միավոր՝ անցած տարի հավաքած 26-ի փոխարեն, Ադրբեջանը՝ 56 միավոր՝ անցած տարվա 55 միավորի փոխարեն, Թուրքիան՝ 58 միավոր, Ռուսաստանը՝ 62:
Համացանցի ազատության սանդղակում, ինչպես և նախորդ տարի, առաջատար դիրքում է Իսլանդիան, որին հաջորդում են Էստոնիան և Կանադան, իսկ սանդղակը եզրափակում են Իրանը, Սիրիան և Չինաստանը։
«Համացանցի ազատությունը- 2015» զեկույցը ողջ աշխարհում համացանցի ազատության ամենամյա վեցերորդ համապարփակ ուսումնասիրությունն է, որը ներառում է 2014 թվականի հունիսից մինչև 2015 թվականի մայիսը տեղի ունեցած զարգացումները 65 երկրներում։
Հետազոտության համաձայն՝ հինգերորդ տարին անընդմեջ համացանցի ազատությունը ողջ աշխարհում անկում է ապրում, զեկույցում ընդգրկված 65 երկրներից 36-ում նույն ժամանակահատվածում գրանցվել է համացանցային ազատության բացասական հետագիծ։



