«Gallup» կազմակերպության «Համաշխարհային իրավունք և կարգ-2015» զեկույցը ներկայացրել է այն երկրները, որտեղ մարդիկ իրենց առավել ապահով են զգում գիշերը միայնակ քայլելիս։ Ցանկում ներառված է նաև Հայաստանը։
Ինդեքսը չափում է մարդկանց անձնական անվտանգության զգացողությունը ողջ աշխարհում, ինչպես նաև նրանց սեփական փորձառություններն իրավապահ մարմինների հետ։
Ըստ հարցման արդյունքների` Սինգապուրը գլխավորում է այն երկրների ցուցակը, որտեղ մարդիկ գիշերը կարող են հանգիստ քայլել ու վտանգ չզգալ: Հայաստանը ցանկում զբաղեցրել է իններորդ տեղը:
Հարկ է նշել, որ իրականում ՀՀ դիրքերը նվազել են, 90-ականներին Հայաստանն անվտանգ երկրների առաջին եռյակում էր: Չնայած «նահանջին», պետք է փաստել, որ Հայաստանը ոչ միայն գիշերը միայնակ քայլելու համար է անվտանգ, այլև ընդհանրապես համարվում է աշխարհի ամենաապահով երկրներից մեկը: ՀՀ-ի ցանկացած բնակավայրում՝ սկսած մայրաքաղաքից, վերջացրած ծայրամասային գյուղերով, որպես կանոն, մարդիկ իրենց զգում են ապահով: Որպես ապացույց կարելի է նշել այն, որ, օրինակ, ծնողների մեծ մասն իրենց երեխաներին դպրոց ճանապարհում է միայնակ, ինչն աշխարհի շատ երկրներում ընդունված չէ:
Կարելի է ասել, որ ՀՀ-ն եզակի երկիր է, ուր բացակայում է ահաբեկչությունը, համեմատաբար քիչ են մարդկանց առևանգման դեպքերը, փողոցային խուլիգանությունները, իսկ նրանք, ովքեր անընդհատ փորձում են դժգոհել ու չհամաձայնել` գովերգելով եվրոպաները, թող մի քանի շաբաթ հանգրվանեն զարգացած պետությունների ոչ կենտրոնական թաղամասերում ու փորձեն երեկոյան միայնակ դուրս գալ զբոսանքի:
Սա Հայաստանն է, այստեղ դու տանն ես…



